Բավ է պառակտվել
02-12-2019 22:33

Խաչատուր Սուքիասյանը բացասական է արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին

Գործարար Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԺԿ նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել ու ամեն ինչ արել է իր և իր փեսայի համար: Գործարարը նաև հերքել է, որ լավ հարաբերություններ է ունեցել երրորդ նախագահի հետ:
«Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում: Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել: Ես հիշում եմ նրան, երբ նա Ղարաբաղից եկավ: Նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ նրան, ումից ընդունել էր նախագահությունը»,- ասել է Սուքիասյանը:
«Սիլ գրուպի» հիմնադիրը անդրադարձել է հնի ու նորի տարբերություններին՝ նշելով, որ այսօր բազմաթիվ դրական փոփոխություններ են եղել։ Նա հիշեցրեց, որ նախկինում, մինչև 1998 թվականն այնպիսի քաղաքական համակարգ է եղել, որն ունեցել է դրական ցանկություններ, բայց նաև թույլ է տվել բավականին մեծ սխալներ։
«Էդ մեծ սխալներից հետո երբ որ քաղաքական համակարգը փոխվել է, լրիվ ուրիշ ճանապարհով է գնացել Հայաստանի քաղաքական համակարգը։ Ոչ մի ուժ, թաղային հեղինակություն, կամ ինչ-որ մեկը, որ ասում էր՝ ես սրան կպատժեմ կամ նրան՝ որպես պաշտոնյա, ես հիմա կոչ եմ անում էդ պաշտոնյաները, որոնք ժամանակին․․․ մինչև անգամ երրորդ նախագան, որ մեծ-մեծ խոսում էր, թող էսօր մի բան ինքը կարողանա անի։ ՈՒ ինքը թող հիշի իրեն 90-ականների սկզբին։ Էս ամեն ինչը պետք չի մոռանալ»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Սուքիասյանը հիշեց, որ ինքը ունեցել է զրույց Սերժ Սարգսյանի հետ, երբ ինքը «Սիրիուս» գործարանում էր աշխատում, որ իր գյուղի տղան թալանում, քանդում է այդ գործարանը։ «Ասում էր՝ այդպիսի բան չկա։ Հիմա ես ձեզ որ խնդրեմ, գան տեսնենք՝ ոնց են էդ գործարանի պատերից մարմարը քանդել տարել, ստանոկները կռանով տարել․․․»,-ասաց Սուքիասյանը։
Սուքիասյանը նշեց,որ օրերս հանդիպել է արտերկրից եկած մարդկանց հետո, ովքեր զբաղվում են ադամադանագործությամբ։
«Նրանք ասեցին, որ տարիներ առաջ եղել են այստեղ։ Պատմում են, որ բոլորը ուզեցել են փայ մտնեն։ Որ դուռը գնացել են որ խոսեն, պայմանավորվեն, նման պայմաններ են առաջարկել»։
Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի խոսքով հիմա Հայաստանում չկան բավարար պայմաններ ներդրումների համար, Սուքիասյանը պատասխանեց.
«Չեմ կիսում նրա կարծիքը։ Եթե ասում է՝ խնդիրներ կան, այդ խնդիրներով պետք է զբաղվել։ Չեմ կարծում, որ հիմա գործարարները օրենքից դուրս խնդիրներ են ունենում»։
Հարցին ճի՞շտ է, որ ցանկանում է հետ վերցնել Բջնի գործարանը: «Ես կարծում եմ, այդ հարցը տեղին չէ, որովհետև գործարանը խլվել է անօրինական, այդ գործարանը պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ, նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ ամբողջը կեղծ փաստաթղթերով, ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք ժամանակին մեզ տեղեկացրել են: Դա շատ մեծ զայրույթ է: Այն, ինչ եղել է տարիներ շարունակ, այս ամեն ինչը, ինչ տեսնում եք այսօր, դրա հակառակի արդյունքն է»,- ասաց նա: