Բավ է պառակտվել
15-08-2019 13:28

<<Հարգելի կառավարություն, ձեզ խաբում են>>.բնապահապանները կառավարությանը

 

Մինչ կառավարության նիստն էր ընթանում, շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բնապահպանները՝Ամուլսարի հետ կապված: Ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը Նա խոստացավ ակցիայի մասնակիցների հորդորը և գրավոր պահանջները փոխանցել վարչապետին։
Ակցիայի մասնակիցները ասացին, որ իրենք անձամբ են ցանկանում հանդիպել վարչապետի հետ, նրան անձամբ ներկայացնել իրենց մտահոգությունները Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության արդյունքների վերաբերյալ։

Նկատենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, ներկայացնելով լիբանանյան ընկերությանը պատվիրած փորձաքննության արդյունքները, հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան:

«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - ասել էր նա։

Բնապահպանները հայտարարում են, թե փորձագիտական եզրակացությունն ամբողջապես չի ներկայացվել հանրությանը։

«Մենք կառավարության անդամներին հրավիրում ենք դուրս գալ այստեղ ու ծանոթանալ իրական ուսումնասիրությանը, փաստերին։ Հարգելի կառավարություն, ձեզ խաբում են, շատ պարզ հայերենով, անգլերենով գրված փաստերը հնարավոր չէ մանիպուլացիայի ենթարկել։ Այն, ինչ ասում եք հիմա կառավարությունում, իրականությանը չի համապատասխանում։ «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է և ենթակա է ուժը կորցրած ճանաչելու։ - հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը։Իսկ ավելի վաղ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարել էր, որ փորձաքննության հեղինակները չեն կարողացել պատասխանել փորձագետի առաջադրած հարցին՝ արդյոք Ամուլսարի բաց հանքի շահագործումը կարող է լինել անվտանգ, քանի որ շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունը թերի է եղել։բնապահպան ակտիվիստներից հինգը փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանների խումբը պատնեշ կազմեց ու թույլ չտվեց, որ նրանք մուտք գործեն կառավարության շենք։

«Հարգելի ոստիկաններ, սա մեր կառավարությունն է, թույլ տվեք, որ մուտք գործենք կառավարության շենք», - մոտենալով ոստիկանների խմբին՝ հայտարարեց ցուցարարներից Անի Խաչատրյանը։
Ակտիվիստները ցանկանում էին վ կառավարության նիստում ներկայացնել Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության իրական կողմը։

Նշենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության անդամները կուսումնասիրեն փորձաքննությունը Ամուլսարի վերաբերյալ և կհանգեն վերջնական որոշման։