Բավ է պառակտվել
11-07-2018 21:35

«Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես կարող է դրվել Պետրոս Թերզյանի վրա

 

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Սարգսյանը միաժամանակ առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:

Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցույթային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թ.–ին։ Հիմնադրամի հիմնական խնդիրն է կյանքի կոչել համազգային նախագծեր։ Հոգաբարձուների խորհրդի կազմում են ներառված հայկական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ։