Բավ է պառակտվել
21-04-2020 12:43

Հայաստան վերադառնալու համար դիմել է 1283 ՀՀ քաղաքացի. Ադոնց


ՀՀ քաղաքացու՝ հայրենիք վերադարձն առաջնային խնդիր է մեզ համար: Մենք պետք է ապահովենք նրանց վերադարձն ու անվտանգությունը: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով COVID-19-ի պայքարի շրջանակում ԱԳ նախարարության հիմնական աշխատանքները:
Ավետ Ադոնցը նշեց, որ մարտի 14-ից մինչ այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի, երկրների աշխարհագրությունը բավական լայն է եղել։ Իսկ ապրիլի 21-ի դրությամբ Հայաստան վերադառնալու համար դիմել է 1283 քաղաքացի։
Ադոնցն ասում է, որ նախարարությունն ապահովում է ՀՀ բոլոր այն քաղաքացիների ցանկությունը, որոնք գտնվում են արտերկրում և ուզում են վերադառնալ հայրենիք: Նրա խոսքով՝ կարևոր է նաև, որ կարգավորեն բեռնափոխադրման հարցերը, քանի որ համավարակի ընթացքում ներկրվում են նաև առողջապահական պարագաներ, որոնց անհրաժեշտությունը խիստ կարևոր է:
«Եթե ինչ-ինչ պատճառով թռիչքը հետաձգվում է, մեր դիվանագիտության ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ անել, որ այդ շրջանն ավելի դյուրին անցնի քաղաքացիների համար», - ասաց Ավետ Ադոնցը։
Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ փոխնախարարը հորդորեց այդ գործընթացներում ղեկավարվել ՀՀ դիվանագիտության ներկայացուցչությունների, հյուպատոսությունների խորհուրդներով։
«Հաճախ են լինում վերադարձի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ կարող է թռիչքը ձգձգվել, բայց ըստ նրա՝ պատճառներն օբյեկտիվ են, քանի որ գործողությունները բազմաշերտ են:Իսկ այս գործընթացում մոտ 200 դիվանագետ է ներգրավված, որոնք աշխատում են արտերկրում: «Որևէ այլ միջամտություն այս գործընթացում չի կարող լինել ավելի արդյունավետ, քան ՀՀ դիվանագիտության ներկայացուցիչներն է», - ասաց Ադոնցը։

 

 

Արմինե Գևորգյան