Բավ է պառակտվել
20-07-2018 19:46

Հայաստանի նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը), 313-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառքի միջնորդությունը) և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Շորթում) նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

Ինչպես հայտնում է Քննչական ծառայության մամուլի ծառայությունը, 2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջում է առանձնապես խոշոր չափերով գումար:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Հովակիմյանն իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2008 թվականին իր նախկին աշխատակիցներից մեկը դիմել է իրեն՝ որդուն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդելու խնդրանքով, ինչի համար պատրաստակամություն է հայտնել կաշառք տալ:

Այդ կապակցությամբ հանդիպել է Ա. Սարգսյանին, ով ընդունել է տվյալ անձին ՃՈ ծառայությունում աշխատանքի ընդունելու համար կաշառքի առաջարկը, տեղում ստացել է կաշառքի գումարը և խոստացել կազմակերպել աշխատանքի ընդունման գործընթացը, սակայն խոստումն այդպես էլ չի կատարել, իսկ գումարը չի վերադարձրել: