Բավ է պառակտվել
13-07-2018 22:39

Հայաստանում հատուկ ծրար է մարվել` նվիրված աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին

ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին նվիրված հատուկ փոստային ծրար է մարվել այսօր Երևանում։

Միջոցառմանը մասնակցել են ակադեմիկոս Օգանեսյանը, ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Հայփոստ Թրասթ մենեջմենթ» կառավորող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
«Աշխարհռչակ գիտնականը հպարտություն է յուրաքանչուր ազգի համար։ Եվ այս արարողությունը հարգանքի տուրքի նվազագույն արտահայտությունն է, որով մենք մեծարում ենք մի մարդու, ում պատվին, նրա կյանքի օրոք, անվանվել է Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը», – ասաց Հակոբյանը։
Շնորհակալություն հայտնելով` Օգանեսյանը նշեց, որ նոր տարրի վրա աշխատել է մոտ 50 տարի։

«Սա յուրահատուկ պատմական օր է իմ կյանքում, այնպիսին, ինչպիսին նոր տարրի բացումն է», – ասաց Օգանեսյանը։

Հատուկ ծրարը յուրօրինակ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով: Դիզայնի հեղինակը «Հայփոստ» ընկերության մասնագետ Վահագն Մկրտչյանն է։ Ծրարի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Օգանեսյանի կողմից հայտնաբերված, Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը և 2016 թվականին հայ մեծ գիտնականի պատվին անվանվել է oganesson (Og): Հատուկ ծրարի վրա փակցված է 2017 թվականին շրջանառության մեջ դրված «Յուրի Հովհաննիսյան» թեմային նվիրված նամականիշը:

Յուրի Օգանեսյանը խորհրդային և ռուս գիտնական է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2003), ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար։