Բավ է պառակտվել
06-12-2014 14:11

Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը հայության անվտանգության հարցն է.Հ. Դեմոյան

Այսօր Բանակցության երևանյան կենտրոնի կազմակերպած համաժողովի ժամանակ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը համայն հայության անվտանգության հարցն է: Նշենո, որ համաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությանը, հայկական պահանջատիրության` վերականգնման և հատուցման իրավաքաղաքական ուղիներին և այս համատեքստում ՀՀ իրականացրած դիվանագիտական քայլերին: «Չպետք է կորցնենք իրատեսութան զգացումը: Այսօր աշխարհում կան բազմապիսի խնդիրներ: Այս տարվա ընթացքում ականատես եղանք նաև զանգվածային ոճրագործության, որի նկատմամբ աշխարհի արձագանքը գրեթե ոչինչ էր: Եվ եթե աշխարհում հարցնեիր մարդկանց, ինչ իրադարձություններ եղան այս տարի, երևի թե շատերը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նշեին առաջինը»,-նշեց Դեմոյանը:«Հայոց ցեղասպանության հարցը անվտանգության խնդիր է, ոչ թե հուզվելու, կամ ուղղակի պատմություն, որի մասին կարելի է անցյալով խոսել: Ցեղասպանությունը եղած ու վերջացած հարց չէ, այն միայն Ծիծեռնակաբերդ այցելելը չէ և չի կարելի ընկալել որպես հուզմունքի կամ անցյալի ավարտված հարց: Այն մեր պետական երաշխիքների հարցն է»,-ավելացրեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Համաժողովին ներկա «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ իր ելույթում նշեց, որ առանց հատուցման իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը անընդունելի է. «Ես շատ թուրքերի գիտեմ, որ ճանաչում են Ցեղասպանությունը, բայց երբ գործը հասնում է տարածքներին, ասում են՝ մոռացեք դրա մասին»: Ըստ Պապյանի՝ միակ հնարավորությունը մնում է իրավական դաշտը. «Ես իմ աշխատանքներում կենտրոնացած եմ ավելի տարածքային հարցերի վրա: Խոսքս ՀՀ տարածքի մասին է, որը օկուպացված է Թուրքիայի կողմից, ոչ թե պատմական Հայաստանի տարածքի»: