Բավ է պառակտվել
15-03-2021 10:17

Բավական են արդյո՞ք Հայաստանի և Արցախի ջրային ռեսուրսները

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, որպեսզի ոռոգման ջրերի կեսը չկորչի, ինչպես հիմա, անհրաժեշտ են ոռոգման ցանցերի հիմնանորոգում, նոր ջրամբարներ և, իհարկե, մելիորացիայի մասնագետներ, որոնք տեղերում գրեթե չկան։

Հայաստանի և Ղարաբաղի ջրային ռեսուրսների հարցը սկսեց ակտիվորեն քննարկվել 2020-ի նոյեմբերից հետո: Մամուլում սկսեցին հայտնվել զգացմունքային, բայց, ցավոք, միշտ չէ, որ կոմպետենտ հայտարարություններ են այն մասին, որ Հայաստանը կմնա առանց ջրի:

Ոչ ոք չի առարկում, որ դժվարություններն ավելացել են, բայց նախ պետք է հասկանալ, ինչպե՞ս ենք մենք ծախսում մեր ունեցած ջուրը: Արդյո՞ք այն չի անցնում հողը՝ բառիս բուն իմաստով։ Այս հարցերն է բարձրացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Գուրգեն Եղիազարյանը:

Ջուրը՝ հողին
Հայաստանի ոռոգման համակարգում շատ ջրանցքներ անցնում են անմիջապես հողաշեն ակոսներով: Բնականաբար, ջրի զգալի մասը ճանապարհին ներծծվում է հողի մեջ, հատկապես ամռանը, երբ հողը չոր է: Սկսենք նրանից, որ նույնիսկ չենք խոսում ամենուր կաթիլային ոռոգում տեղադրելու մասին: Հիմա կարելի է առնվազն անցկացնել պոլիմերային խողովակներ կամ կառուցել բետոնե ջրատարներ:

Խոշոր ջրանցքների վրա այդպիսի ջրատարներ անցկացված են 75% -ով, այսինքն՝ հիմնական (անմիջապես գետերից կամ ջրամբարներից) և երկրորդային ջրանցքների վրա (մայր ջրանցքներից դեպի գյուղեր): Բայց մնացած 25% -ն այդքան էլ քիչ չէ, քանի որ տարեկան տասնյակ հազարավոր տոննա ջուր է անցնում մայր ջրանցքներով, որից մի հսկայական քանակ պարզապես ներծծվում է հողի մեջ։ Բայց նույնիսկ այնտեղ, որտեղ ջուրը հոսում է ջրհորդանների միջով, դրանք բոլորը չէ, որ սարքին վիճակում են. Տեղեր կան, որ մաշված են, ինչ-որ տեղ դիտավորյալ ծակվել են (ջուր գողանալու համար), իսկ որոշ վայրերում պարզապես գողացվել:

Գյուղերի ոռոգման համակարգերում իրավիճակն ավելի վատ է. այնտեղ բետոնե ջրատարները կազմում են ընդամենը 15-20%, մնացած մասն անցնում է հողային ակոսներով: Ամփոփելով այս ամենը՝ ոռոգման ջրի կորուստը հանրապետությունում, կոպիտ հաշվարկներով, հասնում են 50-55% -ի:

Կաթիլային ոռոգումը անգամներով նվազեցնում է ջրի սպառումը, բայց պահանջում է զգալի ծախսեր: Հետևաբար, մինչ այժմ միայն ունևոր ֆերմերները կարող են իրենց թույլ տա դրանք: Իհարկե հնարավոր է միավորվել մի քանի հարևանների հետ և այդպիսի համակարգ տեղադրել, բայց Հայաստանում գյուղացիները սովոր չեն համագործակցել, և մեծ անվստահությամբ են վերաբերվում ցանկացած նման առաջարկի: Հետևաբար, մինչ այժմ, կաթիլային եղանակով ոռոգվում է մոտ երեք հազար հեկտար միայն, կամ հանրապետության ոռոգվող հողերի 1.5% -ից մի փոքր պակաս:

Ճիշտ է, նրանց ծախսերն արագ փոխհատուցվում են, քանի որ նրանք խնայում են ջուրն՝ այն երկու-երեք անգամ քիչ օգտագործելով: Եթե, օրինակ, սովորական ոռոգման դեպքում խաղողի այգու մեկ հեկտարի համար տարեկան պահանջվում է մոտ 9 հազար խորանարդ մետր ջուր, ապա կաթիլային ոռոգման դեպքում ՝ ընդամենը 3,5 հազար: Եթե դա կարևոր է ոչ միայն գյուղացու գրպանի, այլև երկրի ջրային հաշվեկշռի համար, ապա պետությունը պետք է ամեն կերպ աջակցի նրանց, ովքեր ցանկանում են (միայնակ կամ հարևանների հետ) կաթիլային համակարգեր գնել և տեղադրել:

Ջրամբարներ
Խորհրդային Միության տարիներին Հայաստանում կառուցվել է մի քանի խոշոր ջրամբար: Հիմա պետք է շարունակել դրանք կառուցել, որպեսզի ջուրը բաժին հասնի ոչ թե հարևան, այլ մեր երկրի ֆերմերներին: Ովքեր ասում են, որ դա «անազնիվ է», կարող են կարդալ, թե ինչպես է Թուրքիան ջրամբարներ կառուցում Արաքսի վերին հոսանքներում, որպեսզի ավելի շատ ոռոգի իր սեփական հողերը և ավելի քիչ ջուր թողնի Հայաստանի Արարատյան դաշտավայրի համար:

Շեղվելով թեմայից՝ նշենք․ խորհրդային ժամանակներում սահմանները նշելիս Որոտան գետի ակունքը հայտնվել էր Քելբաջարի շրջանում, իսկ ստորին հոսանքը՝ Զանգելանի, սակայն հիմնական ջրահավաք ավազանը մնաց Զանգեզուրում, և Հայաստանը պատասխան կունենա, եթե Ադրբեջանը որոշի սկսել Ղարաբաղի «ջրային շրջափակումը»:
Վերադառնալով ջրամբարներին. խորհրդային տարիներից ի վեր հանրապետությունում մնացել է չորս անավարտ ջրամբար. Եղվարդի, Կապսի, Վեդիի և Մաստարայի: Եթե այս բոլոր օբյեկտների շինարարությունն ավարտվի, դրանք կարող են ավելացնել ոռոգման ջրի պաշարները շուրջ 200 միլիոն խորանարդ մետրով կամ 20%-ով: Բայց շինարարական աշխատանքները տարվում են միայն Վեդիի ջրամբարում:

Ներկայիս գների և ստանդարտների պայմաններում, ջրամբարի կառուցումը էժան չէ` $ 3-4 մեկ խորանարդ մետր տարողության համար, այսինքն, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է հարյուր միլիոնավոր դոլար: Բայց այդ ծախսերն առանց չափազանցության կենսական նշանակություն ունեն: Եղիազարյանի և նրա գործընկերների կողմից դաշտային չափումների համաձայն, եթե նախկինում հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտում մեկ հեկտարից օրական գոլորշիանում էր 50-60 տոննա ջուր, ապա այժմ՝ 80-90: Սա նշանակում է, որ ջրի ճիշտ օգտագործումը և պահպանումն կարևոր է, քան երբևէ: Բայց պակաս կարևոր չէ նաև, որ «չգոլորշիանան» ոլորտի մասնագետները, որոնցից կախված է այս ամենը:

Թույլ մի տվեք, որ գոլորշիանա
Եթե ջերմաստիճանը փոխվել է, պետք է հասկանաք, թե որ մարզերում և որքան: Անհրաժեշտ է որոշել, արդյո՞ք այժմ ավելի շատ ջուր է անհրաժեշտ, և եթե այո, ապա որ մշակաբույսերի համար, որ մարզերում, ինչ հողի վրա: Իմանալով սա հնարավոր կլինի ավելի ճիշտ օգտագործել ջուրը և ստանալ լավագույն բերքը, շեշտում է Եղիազարյանը:

Ցավոք, մինչ այժմ երկրի իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկա) գիտնականների առջև նման խնդիր չեն դնում, չնայած տասնյակ հազարավոր գյուղացիական ընտանիքների կենսամակարդակը և ամբողջ երկրի սննդի անվտանգությունն ուղղակիորեն կախված են դրանից:

Առանց մասնագետների հնարավոր չէ լուծել մեկ այլ կարևոր խնդիր` կոնկրետ գյուղերի ոռոգման պլանները: Ի պատասխան «պլանը վատ բան է» ոճի առարկություններին, Եղիազարյանի օգնությամբ բերենք կոնկրետ օրինակ։ Պատկերացրեք 100 հա հողամաս, որը բաժանված է 50-100 ֆերմերների միջև: Մեկը լոբի է տնկել, մեկը ՝ լոլիկ, մյուսն էլ ծիրանի այգի ունի։ Ո՞վ է պետք ավելի շուտ ջուր ստանա, իսկ ո՞վ` ավելի ուշ: Մասնագետի համար պատասխանը պարզ է՝ ծիրանի ծառերը կարող են մի քանի օր դիմանալ, իսկ լոբին կչորանա: «Բանն էլ հենց նրանում է, որ մասնագետին հասկանալի է, բայց որտե՞ղ են նրանք», - հարցնում է Եղիազարյանը:

Տեսականորեն նրանք պետք է լինեն ջրօգտագործողների ընկերություններում․ այս ձևաչափը հաստատվել է սեփականաշնորհումից հետո ոռոգման համակարգերի կառավարման համար: Ձևականորեն դրանք ֆերմերների կոլեկտիվ սեփականություն են հանդիսանում։ Իրականում, տարիների ընթացքում դրանք վերածվել են «իրենց մարդկանց» համար տեղի և ազդեցության գործիքի՝ ըդհուպ մինչև քաղաքական («կա՛մ քվեարկիր մեր ասած թեկնածուի օգտին, կա՛մ ընդմիշտ կչորանաս»): Հետևաբար, արի ու տես, որ մասնագետների փոխարեն կան «ճիշտ մարդիկ», ովքեր գործը չգիտեն և ոչ մի բանի համար պատասխանատու չեն:

«Թող պետությունն ինձ ասի. «Մասնագետներ տուր, Եղիազարյան, որ դաշտերն առանց ջրի չմնան: Եթե ինչ-որ բան սխալ անեն՝ դու ես պատասխանատու, դու ես սովորեցրել նրանց»: Ես համաձայն եմ, չեմ վախենում պատասխանատվությունից: Եվ այդ ժամանակ ուսանողները կհասկանան, որ իրենք հենց այնպես չեն սովորում, որ իրենց գիտելիքները պետք են երկրին», - շեշտւմ է դասախոսը։

Գյուղատնտեսները պետք են նաև ցերեկային և գիշերային ոռոգումը հաշվարկելու համար։ Գիշերային ոռոգման ժամանակ բույսն ավելի քիչ ջուր է գոլորշիացնում, քան ցերեկը, և ավելի քիչ է ենթարկվում այսպես կոչված տրասպիրացիոն սթրեսի, երբ բույսը և՛ ջուր է գոլորշիացնում, և՛ ստանում: Նման մասնագետների առկայության դեպքում հնարավոր կլինի օգտագործել նաև գետերի գիշերային հոսքը (չէ՞ որ նույն Արաքսով գիշերն էլ է ջուր հոսում):

Եվ, հետևաբար…
Խորհրդային Հայաստանում շատ ավելի շատ գյուղատնտեսական նշանակության հողեր կային, քան հիմա: Նախ, որովհետև պետական ծրագիր կար, և կոլտնտեսությունները կարող էին աշխատել՝ չմտածելով բերքի իրացման մասին։ Երկրորդ, միշտ հարց է առաջացել, թե ո՞ր հանրապետությունն է ավելի շատ ջրային ռեսուրսների կարիք ունի, Հայաստանը թե Ադրբեջանը, ո՞ւր են հոսում Հայաստանի գետերի մի մասը․ Արփա (Նախիջևան), Աղստև և այլն: Յակով Զարոբյանի կամ Կարեն Դեմիրճյանի նման ղեկավարները չէին սպասում, որ հարցն ինքնուրույն կլուծվի, այլ աշխատում էին այդ ուղղությամբ, ավելացնելով ցանքատարածությունները:

«Համարենք, որ մենք այժմ ունենք շուկայական տնտեսություն: Բայց սա չի նշանակում, որ աշխատելու կարիք չկա: Հիմա դա անհրաժեշտ է ավելի քան երբևէ: Այգիները, խաղողի այգիները և բազմամյա մշակաբույսերը միասին զբաղեցնում են ընդամենը 35 հազար հա: Եթե ուզում ենք դրանք հասցնել 150 հազարի, ապա պետք է շարժվենք դեպի այս նպատակը », - ասում է Եղիազարյանը:

Բայց ո՛չ գեղեցիկ շնորհանդեսի ժամանակ, ո՛չ էլ բարձրաձայն հանրահավաքում հարցը չի լուծվի, այն կարող են լուժել միայն մասնագետները: