Բավ է պառակտվել
02-09-2021 14:39

«Մենք էլ մարդ ենք, հերիք եղավ». սահմանամերձ Կութի բնակիչը մեղադրում է պետական մարմիններին անգործության մեջ

Կութեցի ֆերմերը վրդովված է ԱԻՆ-ի և այլ պատկան մարմինների աշխատանքով։ Չմարած հրդեհի պատճառով նա ստիպված է վաճառել իր անասուններին։

Այս գարնանն ադրբեջանցիները փախցրել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղում ֆերմա հիմնած Կութի բնակիչ Գևորգ Խաչատրյանին պատկանող անասնագլխաքանակի մի մասն, իսկ սեպտեմբերի 1-ին ամբողջությամբ այրվել է ֆերմերի 10-15 հա խոտհարքը: Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը և տեղի բնակիչնեչը պնդում են, որ խոտը հրկիզում է ադրբեջանական զինուժը։
Հրդեհի վայրում աշխատել է Sputnik Արմենիայի նկարահանող խումբը: Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ մարտական հաշվարկ դեպքի վայր է ժամանել լրագրողների ժամանումից միայն մեկուկես ժամ անց։ Դրանից հետո նկարահանող խումբը հեռացել է: Ավելի ուշ գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որ կեսօրից տեղում աշխատել է 16 հրշեջ, ռելիեֆային պայմաններից ելնելով՝ հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցրել ուսապարկերով, հետո սահմանվել է հերթապահություն։ «Երկուսով կրակը մարեցինք մինչև կեսօր: Դրանից հետո ժամանեց մեկ հրշեջ մեքենա` 4 հոգանոց խմբով, որից մեկը վարորդն էր: Տղաները պայքարում էին կրակը մարելու համար, բայց երեք հոգին քիչ էր: Ամբողջ խոտածածկ տարածքն այրվեց, միայն հնձած խոտը կարողացանք փրկել: Ես այնտեղ 16 հրշեջ չեմ տեսե, հեռացա, երբ դաշտս այրվեց, հրդեհը մարում էինք ձեռքի տակ եղած միջոցներով»,- ասաց ֆերմերը:

Խաչատրյանն ասաց, որ ամբողջությամբ այրվել է 10-15 հեկտար տարածք, 2 հեկտարից հավաքած խոտը հաջողվել է փրկել կրակի ճիրաններից, բայց ամենայն հավանականությամբ պիտանի չի լինի։ Ֆերմերը դեռ չի հաշվարկել հրդեհի հասցրած վնասի չափը, բայց պարզ է, որ նրա տնտեսության մեծ մասը ոչնչացել է։ «Այդ խոտը պիտի հավաքեինք, որ մնացած անասուններին ձմռանը կերակրեինք, բայց հիմա ստիպված եմ դրանք էլ վաճառել` չնչին կոպեկներով, որ ֆերմայի համար վերցրած վարկերի գոնե մի մասը փակեմ», - ասաց նա:

Ֆերմերը հավելեց, որ ադրբեջանցիները գողացել են 11 կով և 23 ցուլ, մնացել է 25 հորթ և 22 կով: Նա չի կարողանա անասնակեր գնել, ոչ էլ կկարողանա վճարել իր երեք աշխատակիցներին:

«Կարդացի 16 հրշեջի մասին, ովքեր ջուրը ուսապարկերով էին բերում, շոկի մեջ էի։ Հերիք է, էլի, մենք էլ մարդ ենք: Մեր անասունները գողացան` պետությունից ոչ մի ձայն, խոտածածկ տարածքն այրվեց` ոչ մի բան, վարկերն էլ մի կողմից: Պետություն կա՞, թե՞ չկա, թուրքի բերանը կանգնած ենք եղել, մեկը կարո՞ղ է մեր կողքը կանգնել, թե՞ մենք մենակ հարկ ենք տալիս»,- վրդովվեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Կութում խոտածածկ տարածքները այրվում են օգոստոսի 30-ից: Հրդեհը տարածվում է երկու ուղղությամբ՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան: Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների պատճառով բռնկվող հրդեհների հետևանքով Կութում այրվել է 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք: Նրա խոսքով, տեղի է ունենում սահմանամերձ գոտու բնակիչների իրավունքների զանգվածային խախտում, ինչը նշանակում է `դիվերսիայի և ահաբեկչական բնույթի գործողություններ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: