Բավ է պառակտվել
14-05-2019 21:41

Այս ամենին ցուցաբերվում է կողմնակալ մոտեցում. Ռոբերտ Քոչարյանը խոսեց դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։ 

Ու թերևս այսօր առաջին անգամ ամբողջ դատավարություն ընթացքում խոսեց ՀՀ երկրորդ նախագահը, ասելով որ կողմնակալ մոտեցում է տեսնում: Ըստ նրա կային մարդիկ, որոնք դեռ պետք է հարցաքննվեին քննություն իրականացնելու ժամանակ, մինչդեռ ուղղորդված քննություն է իրականացվել և կան մարդիկ, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննել:

«Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», - ասաց նա:

Քոչարյանը խոսեց նաև փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակի մասին, որը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։

«Կալանավորման հետ կապված բոլոր գործընթացներում այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք գործի նյութերը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ քննիչի և դատախազի կողմից այդ նամակը թաքցրել են, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել»,- նշեց նա։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանի պնդմամբ՝ պաշտպանական կողմին չեն ներկայացվել նաև ԱԱԾ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր։

«Այս ամբողջ քրեական գործում ևս մեկ բան՝ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ։ 800-ից ավելի մարդ են կանչելու որպես վկա, բայց միայն մեկ մարդ է ԱԱԾ-ից։ Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», – հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։

 

Արմինե Գևորգյան