Բավ է պառակտվել
05-08-2019 18:56

Ի՞նչ անել Սանիթեքի հետ՝լուծարել պայմանագիրը,թե՞ շարունակել աշխատել

 

«Սանիթեքի» ղեկավարության ասուլիսի ժամանակ բարձրացված մտահոգությունները Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը համարում է ժամանակավրեպ. որևէ նոր բան չի հնչել և այս պահին խոսել գույքն ամբողջությամբ վնասված և հանրության մոտ վստահություն չներշնչող կազմակերպության մասին ճիշտ չէ: Մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը երբ կսկի ամբողջ թափով գործել՝ այսօր լրագրողներին ասաց Դավիթ Խաժակյանը: 
Ըստ Խաժակյանի այժմ քաղաքապետարանն ունի մեկ ելք՝ լուծարել պայմանագիրը, քանի որ աշխատանք չի իրականացվում, իսկ ամեն ամիս՝ կոպեկ առ կոպեկ նրանց վճարները տրվում են, ինչը տարեկան 5.2 մլրդ դրամ է կազմում: Խաժակյանը նկատեց նաև, որ երբ խոսվում է պայմանագրի լուծարման մասին, գործընկերները չեն հակադարձում՝ ասելով, որ դա իրավաբանորեն անհնար է, այլ նշում են աղբահանության իրականացման անհնարինությունը, մինչդեռ խնդիրը կարելի է լուծել, ինչպես Դավիթաշեն վարչական շրջանում:
««Սանիթեքն» ունի 2 կնքված պայմանագիր: Մեր առաջարկն էր լուծարել դրանցից մեկը, «Սանիթեքն» իր ռեսուրսը տեղակայեր քաղաքի մի կեսի համար, որին կբավականացնեին աղբամաններն ու մեքենաները, իսկ մյուս կեսի համար աղբահանության պարտավորությունը ստանձներ համայնքային հիմնարկը», – ասաց Խաժակյանը:
«Իմ քայլից» Հայկ Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ՝ ընկերության խոսքում կոնստրուկտիվ քայլերի մասին անդրադարձ չի եղել: Ընկերությունը փաստացի չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Ավելին, ընկերությունը հունվարին քաղաքային իշխանության հետ պայմանավորվածություն է ունեցել ձեռք բերել, օրինակ, 2000 աղբաման, փոխարենը Երևան են բերել 200-ը, պայմանագրով ընկերությունը պետք է մեկ տարվա կտրվածքով մայրաքաղաքում ունենար 1100լ տարողությամբ մետաղական աղբամաններ, սակայն ձեռք են բերվել պլաստմասե աղբամաններ:
«3-4 ամիս է` քաղաքապետը «Սանիթեք»-ին հարցնում է՝ նոր աղբամաններ, նոր մեքենաներ ձեռք բերելու՞ եք, ու չի ստանում պատասխան: Ինչի՞ հաշվին պետք է քաղաքապետարանն իր հույսը նորից դնի «Սանիթեք»-ի վրա և նրան օգնի: Այդ մեքենաներն ու աղբամանները, որ գնեցին, դա արդեն իսկ օգնություն էր», – նշեց նա:
Իսկ ԲՀԿ խմբակցությունից Մարկոս Հարությունյանի համար մտահոգիչ է, որ երեկվանից Դավիթաշեն վարչական շրջանում համայնքային հիմնարկի կողմից տեղադրվել են աղբամաններ՝ առանց « Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման:

<<Երեկ ներկա էի Դավթաշենում կատարվող աղբահանությանը՝ Համայնքային հիմնարկի կողմից։ Մտահոգությունն այն է, որ դեռևս «Սանիթեք» ընկերության հետ լուծարված պայմանագիր չունենք, բայց մի համայնքում ամբողջապես աղբահանությունն է իրականացնում։ Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետին հարցրել են, թե ինչպե՞ս է խնդիրը լուծվելու, չէ՞ որ 5 մլրդ 200 մլն դրամ մենք վճարում են «Սանիթեքին», բայց սպառիչ պատասխան չլսեցի։ Ինձ մտահոգում է այս հարցը, վստահ եմ՝ այս հարցում խնդիր ենք ունենալու, քանի որ Դավթաշենում «Սանիթեքն» ասում էր՝ ձեռք մի տվեք մեր աղբամաններին և այլն»,- նշեց Հարությունյանը։

 

Արմինե Գևորգյան