Բավ է պառակտվել
01-07-2021 22:28

Սևանա լճում ջրի ծաղկման ինտենսիվությունը թուլանում է

Այս տարի 2018թ․ համեմատ Սևանա լճի ծաղկման ինտենսիվությունն ավելի թույլ է, ասել է մամլո ասուլիսի ժամանակ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ 2018-ին լճի երկու հատվածներում էլ՝ փոքր ու մեծ Սևանում, ինչպես նաև ափամերձ տարածքում և խորքում գրանցվել էր ծաղկման շատ ինտենսիվ մակարդակ։

Շահնազարյանը նշել է, որ Կենտրոնի վերջին դիտարկումների համաձայն Սևանա լճում արդեն սկսվել են ծաղկման պրոցեսները, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես սպասվում էր։

Նրա խոսքով՝ ծաղկման պրոցեսն այս տարի 2018-ի համեմատ կլինի ավելի թույլ, 2020 թվականի համեմատ նույն ինտենսիվությունը կպահպանվի։

«Ներկա փուլում Սևանա լճի ծաղկման ինտեսիվությունը այդքան ինտենսիվ չէ։ Սևանի որոշակի հատվածներում երևում են ծաղկման օջախներ։ Այդ պրոցեսները դեռ ամբողջ ծավալով տարածված չեն լճում»,- ասել է նա։

Շահնազարյանը նշել է, որ ծաղկման պրոցեսի ինտենսիվությունը սովորաբար լինում է հուլիս ամսվա 3-րդ տասնօրյակից սկսած, գործընթացն ավարտվում է օգոստոսի առաջին տասնօրյակում, սակայն անհնար է կանխատեսել ծաղկման տեղայնացումը, քանի որ դրա վրա էական ազդեցություն են ունենում մի քանի գործոններ, այդ թվում՝ օդի ջերմաստիճանը և քամու առկայությունը։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է Սևանի էկոհամակարգի բարելավման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Այսպես, նախատեսվում է բարելավել Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մոնիթորինգի համակարգը, խթանել օրգանական պարարտանյութերի կիրառումն, ինչպես նաև լուծել Սևանա լիճ հոսող կոյուղու կոյուղաջրերի խնդիրը։
2018-ին Սևանա լճում գրանցվեցին ծավալուն ծաղկումներ: Մի քանի տարի շարունակ Սևանա լճի ափերի որոշ հատվածներում դիտարկվում է ցիանոբակտերիաների (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռների կուտակումներ, ինչի պատճառով ջուրը ստանում է կանաչ գույն։ Այս ջրիմուռների որոշ տեսակներ արտադրում են թույն (տոքսիններ), որոնք բացասաբար են ազդում կենդանիների և մարդկանց առողջության վրա՝ լճում լող տալիս կամ պատահաբար ջուրը կուլ տալիս։ Այս կապակցությամբ Հայաստանի Առողջապահության նախարարությունը նույնիսկ հորդորել էր քաղաքացիներին խուսափել լող տալ Սևանա լճի այն հատվածներում, որտեղ ափամերջ շրջանում նկատվում են կապտականաչ ջրիմուռների կուտակումներ:
2019-ի հուլիսին լճում գրանցվեց Anabaena (Anabaena) դասի կապտականաչ ջրիմուռների աճ: Առաջին անգամ այս ջրիմուռները լճում նկատվել են անցյալ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքը դիտարկվել է 1964 թ.-ին, որից հետո այդ երևույթը կրկնվել է տարբեր տարիներին և տարբեր ծավալներով:

Սևանա լիճը խմելու ջրի հիմնական աղբյուրն է տարածաշրջանում, Եվրոպայի և Ասիայի խոշոր բարձրալեռնակին լճերից մեկը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում ՝ 1914 մետր բարձրության վրա: Լճի երկարությունը՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, ավելի քան 70 կիլոմետր է, հայելու մակերեսը՝ գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետր: Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը (Արաքսի վտակ), մինչդեռ լիճն է թափվում 28 մեծ ու փոքր գետ, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2776 քառ. կիլոմետր: Մինչև 2030 թվականը լճի մակարդակը նախատեսվում է հասցնել օպտիմալ 1903,5 մետրի: