Բավ է պառակտվել
17-08-2020 18:54

Իսրայել Հակոբկոխյանը արդեն 7-րդ օրն է՝ ինչ շարունակում է հացադուլը (Տեսանյութ)

 

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն արդեն 7-րդ օրն է՝ ինչ շարունակում է հացադուլը:

Նա պահանջում է, որպեսզի ազգով մտահոգված բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն, քանի որ այսօրվա իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեքները: Բռնցքամարտիկը մասնավորապես դեմ է Ստամբուլյան կոնվենցիային, Լանզարոտեի կոնվենցիային, հանրակրթական չափորոշիչներին, բռնություններին և այլն:

Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ իրեն պարբերաբար բժիշկներ են այցելում, սակայն, թե ինչ են արձանագրում, տեղյակ չէ.

«Ինչ ուզում են՝ արձանագրեն, ես չեմ էլ հարցնում, սաղ լավ է»:

Հարցին, թե կառավարությունից արձագանք եղե՞լ է, բռնցքամարտիկը պատասխանեց.

«Այնպիսի զարմանալի հարցեր եք տալիս. կառավարություն ունե՞նք, որ իրենց կողմից արձագանք լինի, այսօր ունենք հատուկենտ սոված մարդիկ, որ նստել են աթոռին ու իրենց փորն են լցնում, դեռ փորերը չի ուռել, որ զգան տրաքում է: Չե՞ք տեսնում՝ երեկվա բոմժը, ասում են՝ այս է առնում, այն է առնում»:

Բռնցքամարտիկի հետ այսօր հանդիպելու էին եկել տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը: Հակոբկոխյանից հետաքրքրվեցինք, թե, մասնավորապես, ի՞նչ են զրուցել:

«Ահագին զրուցեցինք. իր կարծիքով՝ ես իմ առողջությունն իզուր եմ քայքայում, իրենք էլ են մտահոգված այս հարցերով, բայց միայն մտահոգվելը քիչ է: Հասարակ ժողովուրդն էլ, որ այսպես քայլում են, ասում են, որ մտահոգված են, բայց իրենք կուսակցություն են, ուժ են, պետք է ասեն՝ եկեք նստենք սեղանի շուրջ, ամեն մեկս վերմակը դեպի մեզ չձգենք: Անչափ շնորհակալ եմ Գալուստ Սահակյանից, որ մտահոգված է իմ առողջությունով, բայց ինձ իմ առողջությունը պետք չէ, որ վաղը երեխաս ինձ ասի՝ ուզում եմ սեռս փոխեմ: Ավելի լավ չի՞ ես մեռած լինեմ, չտեսնեմ այդ բանը, քան թե առոք-փառոք ապրեմ ու տեսնեմ՝ ինչ է կատարվում»,- ասաց Հակոբկոխյանը:

Ավելի ուշ բռնցքամարտիկի հետ հանդիպման եկավ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ Հակոբկոխյանի հետ 45 տարվա ընկերներ են: Բռնցքամարտիկը նրան էլ փոխանցեց իր մտավախությունները.

«Վահրամ ջան, չեմ կարող պատկերացնել, ուղեղիս մեջ չի՛ տեղավորվում, որ հանկարծ իմ տղեն պետք է մի հատ սեռափոխվածի հետ շփվի կամ գա ասի՝ պապ, ուզում եմ աղջիկ դառնամ, մյուս-օրն էլ աղջիկս գա ասի՝ տղա եմ ուզում դառնամ, գժանոց է»:

Վահրամ Բաղդասարյանը մեր հարցին, թե ե՞րբ է տեղեկացել բռնցքամարտիկի հացադուլի մասին, պատասխանեց.

«Հենց առաջին օրը իր հետ հեռախոսազրույց եմ ունեցել, մենք 45 տարվա դահլիճային ընկերներ ենք, ես պարտավոր էի գայի և Իսոյի հետ զրուցեի, երեկոյան նույնպես կգամ: Նաև բռնցքամարտի աշխարհն է անհանգստացած, որովհետև ինքը հասարակ դեմք չէ, ոչ միայն համաշխարհային բռնցքամարտի մեջ, առավել ևս՝ Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ, և մենք պետք է շատ ուշադիր լինենք, իսկ այն հարցերը, որոնք նա բարձրացնում է՝ յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր հայկական ընտանիքի սրբագույն գործն է: Մենք պետք է կարողանանք մեր խորհուրդներով, եթե նրանք խորհուրդներ ընդունեն, նրանք գիտակցեն, թե ուր են գնում, ինչի է տանում դա, հազարամյակների պատմության մեջ՝ մեր հայկական ամրությունը, մեր ավանդույթները, ազգային արժեքներ կերտած ազգը, այսօր ուզում են մեկ հարվածով հրաժարվենք այդ ամենից. Դա նշանակում է՝ ձուլվել, ոչնչանալ»:

Հարցին, թե կառավարությունը գիտակցաբա՞ր է գնում այդ քայլին, Բաղդասարյանը պատասխանեց.

«Մենք պետք է տեղ հասցնենք, հնարավոր է՝ դեռ անփորձ են, չեն հասկանում, երիտասարդ են: Պետք է ավելի փորձառու հայագետների հետ կարողանան խորհրդակցել, եթե մեր արմատները չգիտեն, պետք է նաև նրանց բացատրվի՛, թե հայկական արմատները որտեղից են եկել և ինչ ամրություններ են եղել: Ամենամեծը եղել է մեր հավատքի, մեր մշակույթի և ընտանիքների ամրությունը: Պետք է գիտակցեն, եթե իրենք չեն գիտակցում, բա իրենց մեծերը, ծնողները, իրենց դպրոցում չե՞ն սովորեցրել հայկական արժեք»,- եզրափակեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը: