Բավ է պառակտվել
16-08-2016 13:48

2016-ի հուլիսը դարձել է պատմության մեջ ամենաշոգը. ՆԱՍԱ

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսը դարձել է Երկրի վրա ամենաշոգ ամիսն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, այսինքն՝ վերջին 136 տարում: 

ՆԱՍԱ-ի գլխավոր կլիմայագետ Գևին Շմիդտը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը հաշվարկել է, որ այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանը Ցելսիուսի 0,84 աստիճանով բարձր է եղել 1950 – 1980 թվականների միջին ջերմաստիճանից և 0,18 աստիճանով բարձր՝ նախկին ռեկորդային ամիսներից՝ 2011 թվականի հուլիսից և 2015 թվականի հուլիսից: Այդ երկու ամիսներին գլոբալ ջերմաստիճանը եղել է գրեթե նույնը:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ ռեկորդային շոգ ամիսների հնգյակի մեջ են մտնում նաև 2009 թվականի հուլիսը և 2014 թվականի օգոստոսը. այսինքն՝ վերջին տարիներին ռեկորդներ են սահմանվում մշտապես:

Գիտնականների մեծ մասը մոլորակի տաքանալու պատճառը համարում է հանածո վառելիքի այրումից ջերմոցային գազերի արտանետումները: Սակայն գիտնականները կլիմայի փոփոխման պատճառների վերաբերյալ միասնական կարծիքի չեն հանգել, թեև նրանց համար բուն փոփոխությունն ակնհայտ է:

«Վախեցնում է այն, որ մենք մտնում ենք մի շրջան, որտեղ յուրաքանչյուր հաջորդ ամիս կամ տարի ռեկորդային տաք է լինելու, իսկ հակառակն անակնկալ է համարվելու»,- ասել է Սթենֆորդի համալսարանից կլիմայագետ Քրիս Ֆիլդը: