Բավ է պառակտվել
13-09-2021 10:49

Հայաստանի Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

Հայաստանի Փաստաբանների պալատի նոր նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Փաստաբանների պալատի ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանը։

Բաբայանին կողմ է արտահայտվել քվերակությանը մասնակցող 1111 փաստաբանների 84,3 տոկոսը, նա իր պարտականությունները կստանձնի 2021թ․ հոկտեմբերի 5-ից։

Զոհրաբյանը, շնորհավորելով Բաբայանին՝ մաղթել է հաջողություն իր գործընկերոջը և բարձր գնահատական տվել վերջինիս մասնագիտական, անձնական և կառավարչական որակներին։

Նա խոստացել է հոկտեմբերի 5-ին հանդես գալ Փաստաբանների պալատի վերջին տարիների գործունեության ամփոփիչ ելույթով։

Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013-ի սեպտեմբերին։
Նա «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիրն է, Փաստաբանների պալատի և «Զարթոնք» կուսակցության անունից կազմակերպել է մի շարք հասարակական հնչեղության նախաձեռնություններ:

Այսպես, նրա նախաձեռնությամբ մի խումբ փաստաբաններ և հասարակական գործիչներ պահանջել են ՀՀ նախագահից դիմել Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին ՀՀ վարչապետի առաջարկի հարցով (2021 թվականի գարնանը - խմբ.):

Ավելի ուշ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ քննարկվող պայմանագրի համատեքստում, «Զարթոնքը» պահանջեց դադարեցնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՊՆ պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի լիազորությունները:

ՀՀ խորհրդարանի ընտրություններից հետո (2021 թ. հունիսի 20), երեք այլ քաղաքական ուժերի հետ միասին, «Զարթոնքը» ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան: