Բավ է պառակտվել
21-01-2021 12:08

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացածների պրոթեզավորման ընթացակարգը փոխվում է

Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին նախագիծը:
«Գործող կարգավորումների համաձայն պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն ու նրանց տրվում է հավաստագիր, այդ հավաստագրի միջոցով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները և առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավոորւմ իրականացնել», - նշեց նախարարը:

Նա ասաց, թե առաջարկում են, որ պատերազմի այն մասնակիցները, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում:
Նախագծով առաջարկվում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում արտերկրից հրավիրված մարդկանցով: Կարևորվելու է նաև միջավայրային խնդիրների կարգավորումը, թե, օրինակ, պրոթեզավորման կարիք ունեցող մարդն ինչ մասնագիտություն ունի: Այսինքն՝ պրոթեզի կիրառման անհրաժեշտությունն անհատական կարիքների գնահատման միջոցով է իրականացվելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ որոշման հիմնական նպատակները երկուսն են՝ նախ պատերազմի պատճառով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացի հնարավորինս արագ ու հարմարավետ կազմակերպումը, երկրորդ՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց նախագիծն այսօր չքվեարկել, այլ վաղն ընդունել գրավոր քվեարկությամբ: Կիրառման կարգերի հետ կապված նրբություններ կան, որոնք պետք է հստակեցվեն:
Նրա խոսքով՝ այսօր ՊՆ-ի ու սոցապնախարարության հետ քննարկելու են այդ հարցը, նաև՝ ֆինանսական հարցը:

Արմինե Գևորգյան