Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ տեղեկացնելով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից մանրամասներ։
<<Կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ գործից չխոսել»,–ասաց Հայկ Գրիգորյանը: Հիշեցենք,որ գաղտնալսված հեռախոսազրույցի ընթացքում քննարկվում էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը:
Գրիգորյանը հավաստիացրեց, որ նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է։
Ի դեպ, մեկնաբանելով Վանեցյանի այն հայտարարությունը, որ բոլորին հայտնի է, թե ով է պատվիրել այդ գաղտնալսումը, դա ուղղակի ապացուցման կարիք ունի, Հայկ Գրիգորյանն արձագանքեց.
«Մենք մեր գործի շրջանակներում երբևէ նման հայտարարություն չենք արել»։
Հիշեցնենք,որ 2018-ի սեպտեմբերին Youtube կայքում հրապարակվել էր Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ու խոսվում այն մասին, թե ինչ պետք է անի դատավորը այդ հարցում: Ավելի ուշ հրապարակվեց նաև ձայնագրության երկրորդ մասը, որում առկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ուժային կառույցներում ղեկավարների փոփոխություններ են տեղի ունենում, կարո՞ղ է նույնը կատարվել Գրիգորյանի դեպքում, նա պատասխանեց, որ եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի ազատել նրան, այդ ժամանակ կխոսի:
Արմինե Գևորգյան