Բավ է պառակտվել
13-03-2017 20:05

Վարչապետը ողջունելէ «Տաթևի թևեր» ճոպանուղու հետագա զարգացմանն ու աշխատատեղերի ավելացմանը

 

«Տաթևի դարպասներ» ներդրումային նախագիծը նախատեսում է մոտ 95 մլն. դոլարի ներդրում՝ վեց ռազմավարական ուղղություններով, ինչի արդյունքում մոտ 1500 նոր աշխատատեղեր կստեղծվեն, իսկ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա տարեկան մինչև 400 հազ. այցելուով:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, ծրագիրը ներկայացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է « Տաթևի թևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որում ներառվելու են տեղեկատվական, ժամանցային և այլ ենթակառուցվածքներ ու ծառայություններ, որոնք կնպաստեն այցելուների թվաքանակի և մատուցվող ծառայությունների տեսակների աճին և դրանց որակի բարձրացմանը:
Արդեն մշակված գլխավոր ծրագրի առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել այցելուների կենտրոն, որը ներկայացնելու է հայկական ազգային խոհանոցն ու ավանդույթները, լինելու են նաև սննդի կետեր և հայկական հին, ավանդական խաղերի և զվարճանքի կենտրոն:
Ընդգծվել է, որ ծրագիրը կարելի է իրագործել պետության և մասնավոր սեկտորի համագործակցության շրջանակներում: Ծրագրվում է միջոցներ ներգրավել նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից:
Կարապետյանը ողջունել է նախագիծը, առաջարկելով վերջնական տեսքի հասցնել այն և մոտ ժամանակներս քննարկել կառավարությունում:
Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու ՝«Տաթևի թևեր» -ի գործարկմանը, որը տեղի էր ունեցել 2012թ. հոկտեմբերի 16-ին՝ հարյուրավոր հյուրերի և Հայաստանի իշխանությունների ներկայությամբ, ազդարարվել էր 45 մլն. դոլար արժողությամբ « Տաթևի վերածնունդ» մասշտաբային նախագծի մեկնարկը, որն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից:
Ճոպանուղու գծի երկարությունը 5,7 կմ. է, ամենաբարձր կետը՝ 330 մետր: Հալիձոր գյուղից դեպի հանրահայտ Տաթևի վանք տանող ճանապարհը մեկ ուղղությունով տևում է 11 րոպե:
2012 թ. հոկտեմբերի 23 –ին Տաթևի ճոպանուղին Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր է ստացել՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհում ամենաերկար հետադարձելի, ուղևորատար ճոպանուղու կարգավիճակը: