Բավ է պառակտվել
28-08-2015 14:51

Ըստ ՄԱԿ-ի՝ մինչև 2100 թ-ը Հայաստանի բնակչության թիվը կիսով չափ կնվազի

Ըստ ՄԱԿ-ի 2015թ-ի՝ «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի՝ կանխատեսվում է, որ մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ կեսի չափով՝ ներկայիս 3 միլիոն բնակչությունից հասնելով մոտ 1,7-1,8 միլիոնի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով ժողովրդագրական տվյալների վերաբերյալ կանխատեսումները: Նրա խոսքերով՝ կանխատեսումներն արվում են լավատեսական, միջին և վատատեսական սցենարներով. «2100 թվականին Հայաստանի բնակչության թիվը կկազմի 1,8 միլիոն և դա վատատեսական կանխատեսում է: Ամենացածր կանխատեսումը այն է, որ 1 միլիոնից պակաս բնակչություն ունենանք»: Նա միաժամանակ նշեց, որ ըստ կանխատեսումների՝ աշխարհի բնակչության թիվը 2100 թվականին կհասնի 11.2 միլիարդի այսօրվա 7.3-ի միլիարդի փոխարեն: Ամենամեծ աճը կապահովի Աֆրիկան՝ 1 միլիարդից հասնելով 4.4 մլրդ-ի, մինչդեռ Ասիան կզիջի իր դիրքերը, Եվրոպայում նույնպես կգրանցվի բնակչության թվի նվազում՝ հասնելով 646 մլն-ի: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Թուրքիան և Իրանը կմնան մեծ երկրներ բնակչության տեսակետից, բայց այնտեղ էլ կարձանագրվեն բնակչության կորուստներ: Ադրբեջանի բնակչությունն էլ կհասնի 9,5 մլն-ի այսօրվա 9,7 մլն-ի փոխարեն: Գ.Հ այրապետյանն անդրադարձավ նաև շատ կարևոր գործակցի. դա աշխատող բնակչության հարաբերակցությունն է 60-ից ավելի բարձր տարիք ունեցող բնակչության նկատմամբ: Նա նշեց, որ եթե այսօր՝ 2015 –ին ունենք մոտ 5,4 աշխատող, որոնք աջակցում են կենսաթոշակային տարիքի մեկ չաշխատողի, ապա 2100-ին լավատեսական կանխատեսմամբ ՝ 2,4 աշխատողը կաջակցի 1 թոշակառուին, իսկ հոռետեսական կանխատեսմամբ 1 աշխատողը՝ 1 թոշակառուին: «Սա բավականին լուրջ և մտահոգիչ խնդիր է, քանի որ սա բերելու է մի մեծ սոցիալ-տնտեսական բեռ աշխատող բնակչության վրա և չի աշխատելու սերունդների համերաշխության սկզբունքը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է միգրացիոն գործընթացներին, ապա նույն կանխատեսումներով՝ այն ներկայումս -25 հազար է տարեկան, իսկ 2100 թվականին կլինի -12 հազար. «Այսինքն` բացասական սալդոն -12 հազար մարդ է լինելու գնացող-եկողների հաշվարկով»: Ինչ վերաբերում է մեր բնակչության սեռերի հարաբերակցությանը, Գ.Հայրապետյանը նշեց, որ այն հիմա 86,5 տղամարդու հաշվով 100 կին է, սա ամբողջ բնակչության թվաքանակի հաշվարկով է, մինչդեռ Հայաստանում սեռով պայմանավորված երեխայի ընտրության խնդիր կա, այսինքն` հիմա տղա երեխաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկ երեխաները՝ սելեկտիվ աբորտների պատճառով: Ըստ նրա՝ ներկայումս 0-19 տարեկաների մեջ 11,4% տղա երեխաների թիվն ավելի է, քան նույն տարիքի աղջիկները: Ասուլիսի մեկ այլ բանախոս Ռուբեն Եգանյանն էլ ասաց, որ բոլոր ոլորտների կանխատեսումները պայմանական են: Օրինակ, ըստ նրա, 1980-ականների կանխատեսումներով, Հայաստանում 2000 թվականին 4 մլն 200 հազար բնակչություն պիտի լիներ. «Հիմա տեսնում ենք՝ ինչ մնաց: Իմ արած վատատեսական կանխանկարով 2050 թվականների վերջերին Հայաստանի բնակչության թվաքանակը նվազելու է մինչև 1,3 միլիոն մարդ»: