Բավ է պառակտվել
26-08-2019 16:24

Ինչպե՞ս լուծել “ամուլսարյան հանգույցը”․ի՞նչ հետևանքներ կունենա Ամուլսարի խնդիրը հայկական կառավարության համար

Շատ քաղաքագետներ և փորձագետներ հակված էին այն կարծիքին, որ Հայաստանում աշուն-2019-ը թեժ է լինելու, և որ հետհեղափոխական երկրում քաղաքական գործընթացները շարունակելու է անակնկալներ մատուցել:

Սակայն “թեժ քաղաքական աշունն” օրացուցայինից շուտ եկավ, և ակտիվության կատալիզատոր դարձավ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցը:

Ամուլսարի ոսկու հանքավայրը պաշարներով երկրորդն է Հայաստանում, պարունակում է մոտ 31 միլիոն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում։

Բնապահպաններն ու հասարակ քաղաքացիները մտավախություն ունեն, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանը։

2018թ․հուլիսին Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ամուլսարի առընչությամբ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու համար։ Ամուլսարի հանքավայրում ընթացող աշխատանքները դադարեցվել էին մինչև բնապահպանների փորձագիտական կարծիքի ստացումը։

Սակայն արդեն 2019թ օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրեց միջազգային փորձագիտական Earth link & Advanced Resources Development ընկերության (ELARD)վերջնական եզրակացությունն, ըստ որի` բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։ Այս եզրակացության հիման վրա քննչական կոմիտեն որոշեց, որ քրեական գործը շարունակելու հիմքեր չկան։

Մի քանի օր անց, օգոստոսի 19-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կայացավ խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վայոց ձորի մարզպետի, Ջերմուկի քաղաքապետի, համայնքապետերի և բնապահպանների մասնակցությամբ։

Դրան զուգահեռ, նստավայրի շենքի դիմաց անցկացվեց “կանաչների” հավաքը, որի մասնակիցները դեմ էին Ամուլսարի հանքավայրում աշխատանքների վերսկսմանը: Ակցիան շարունակվեց պաշտոնյաների խորհրրդակցության ավարտից հետո, արդյունքում ոստիկանները բերման ենթարկեցին դրա չորս մասնակցի։

Նույն օրը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բխում է պետության շահերից։

Սակայն հանքավայրի շահագործմանն դեմ հանդես եկող բնապահպան-ակտիվիստները բողոքի ակցիա կազմակերպեցին, որի ժամանակ մասնակի փակեցին Բաղրամյան պողտան Երևանի կենտրոնում։ Ոստիկանական ուժերին հաջողվեց ցրել ցուցարարներին։

Իրավիճակը հասկանալու, հնարավոր ռիսկերը գնահատելու, ինչպես նաև Ամուլսարի շահագործումից ակնկալվող դիվիդենտները հաշվարկելու նպատակով “Նովոստի-Արմենիա” գործակալությունը մեկնաբանությունների համար դիմել է բնապահպան տնտեսագետներից մի քանի փորձագետների և Ազգային ժողովի պատգամավորի։

“Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի նախագահ բնապահպան Կարինե Դանիելյանը նշել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, շեշտելով, որ հարցի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը կասկածների և մտավախությունների տեղիք է տալիս։ Բնապահպանի կարծիքով, Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագիտական եզրակացությունը միանշանակ չէ և երկակի մեկնաբանություն է պարունակում։ Նա այսպես է ձևակերպել իր միտքը․”եթե ցանկանաս բացասական գնահատել եզրակացությունը՝ տվյալ փաստաթղթում կգտնես դրա հիմնավորումները։ Իսկ դրական գնահատելու ցանկության դեպքում՝ փաստաթուղթն այդ հնարավորությունն էլ է տալիս։”,- նշել է բնապահպանը։

Ընդ որում, նա պարզաբանել է, որ փաստաթղթում ներկայացված են հանքավայրի շահագործման բոլոր պոտենցիալ ռիսկերը, սակայն՝ շատ մեղմ։

Դանիելյանը նշել է, որ հանքավայրի անվտանգ շահագործման համար շահագործմամբ զբաղվող Lydian Armenia ընկերությանը տրված խորհուրդները շատ դժվար է իրականացնել։ Այդ պատճառով հիմնավոր կասկածներ են առաջանում, որ դրանք ընդհանրապես կյանքի կկոչվեն։

“Բացի այդ, անգամ եթե Earth link & Advanced Resources Development-ի տրված բոլոր խորհուրդներն իրականացվեն՝ մնում են անվերահսկելի ռիսկեր։ օրինակ՝, սեյսմիկ ռիսկերը, չի կարելի լիովին բացառել նաև սողանքների վտանգն”,-ասել է “Հանուն կայում մարդկային զարգացման” կազմակերպության նախագահը։

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ բնապահպանները ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության հակառակորդները չեն, այլ հանդես են գալիս մետաղական հանքավայրերի շահագործման դեմ։

Դանիելյանը կոչ է արել ըմբռնել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումից ակնկալվող շահույթն (ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Lydian Armenia ընկերությունը տարեկան երկրի բյուջե կվճարի մինչև 52մլն․դոլար՝ խմբ) իր ծավալով անհամադրելի է շրջակա միջավայրին հասցված վնասների հետ։

“Անհնար է զարգացնել զբոսաշրջությունը, երբ գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկն՝ ի դեմս Ջերմուկ քաղաքի գտնվի այդքան մոտիկ շահագործվող հանքավայրին։ Ոչ մի զբոսաշրջիկ այնտեղ չի գնա։ Այսպիսով, հանքավայրի շահագործումը վերսկսելով, մենք ահռելի վնաս կհասցնենք նաև զբոսաշրջիկության ոլորտին”,- կարծում է Դանիելյանը։

Իր հերթին, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի աշխատակից Հրանտ Միքայելյանն ասել է, որ հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշման ձգձգումը չի նպաստի հետաքրքրության աճին Հայաստանի տնտեսության մեջ պոտենցիալ ներդրողների շրջանում։

“Վերջին տարիներին բավականին ներդրումներ են կատարվել Հայաստանում, և Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ամբողջ պատմությունը չի հանգեցնի ավելի մեծ ներդրումների, անգամ եթե շահագործումը թույլատրվի”, - ասել է տնտեսագետը:

Անդրադառնալով Earth link & Advanced Resources Developers-ի ուսումնասիրությանը՝ Միքայելյանը նշել է, որ կառավարությունն ի սկզբանե պետք է աշխատեր հասարակության հետ, որպեսզի վերջին փորձագիտական գնահատականները չհանգեցնեին բնակչության այդպիսի արձագանքի:

«Փորձաքննության արդյունքները հարցեր են առաջացնում, և եթե կառավարությունն ի սկզբանե աշխատեր հասարակության հետ, ապա արձագանքը, հավանաբար, այնքան ցավագին չէր լինի”, - ասել է Կովկասի ինստիտուտի աշխատակիցը:

Միևնույն ժամանակ, Միքայելյանը նշել է, որ, ամեն դեպքում, հանքավայրի շահագործումը, բացի տնտեսականից, բարձրացնում է բնապահպանական խնդիրներ: Ըստ նրա, հանքարդյունաբերության վերջնական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա պետք է մանրակրկիտ վերլուծվի, և պետք է գնահատվեն բոլոր ռիսկերը:

“Պետք է հասկանալ, որ այս ռիսկերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա 30-50 տարի հետո չէ, որ կնկատվեն, բացասական հետևանքներն ակնհայտ կդառնան 5-10 տարի անց”, - ասել է փորձագետը: Նա հավելել է, որ հնարավոր է, ձեռք բերելով, մի կողմից, հարկային եկամուտներ հանքի շահագործումից, “մենք, որպես պետություն, մյուս կողմից, կկորցնենք, օրինակ, առողջարանային գոտին Ջերմուկ քաղաքի շուրջ”:

Ազգային ժողովի պատգամավոր, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Շաքե Իսայանը, վկայակոչելով Earth link & Advanced Resources Development- ի վերջնական գնահատման զեկույցի մի շարք դրույթներ, կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կրում է մի շարք բնապահպանական սպառնալիքներ, որոնք հնարավոր է չէ լիովին վերահսկել։

“Ամենակարևոր հարցը, որին պետք է պատասխաներ հանձնաժողովը, այն էր, թե որքանով է անվտանգ հանքավայրի աշխատանքը շրջակա միջավայրի համար: Փորձագիտական եզրակացության մեջ նշվում է, որ առկա տվյալների հիման վրա անհնար է ամբողջական և միանշանակ պատասխան տալ այս հարցին: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ճիշտ նման պայմաններում խոսել հանքավայրի շահագործման մասին”, - հարց է տալիս Իսայանը:

Պատգամավորը շեշտել է, որ առանց այս հարցի պատասխանի եզրակացության մնացած կետերը դառնում են աննշան։ Նա նշել է, որ չնայած Լիդիան Արմենիայի կառուցողական դիրքին և համագործակցելու պատրաստակամությանը, մի շարք բնապահպան-փորձագետների կարծիքով ընկերությունն ի վիճակի չէ նվազագույնի հասցնել ռիսկերը, և շրջակա միջավայրին վնաս կպատճառվի։

Միաժամանակ, Իասայնն ասել է, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նպատակը և խնդիրը ոչ թե Ամուլսարի շահագործումը խոչընդոտելն է, այլ խնդիրը հանրային համաձայնությամբ լուծելը։

“Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն ներկայացրել է մեր խմբակցության դիրքորոշումը, և ես կարող եմ միայն հաստատել, որ մեզ համար կարևոր է, որ որոշումը լինի այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է ցանկանում: Մենք կողմ ենք այդ հարցում լայն հասարակական համաձայնությանը, և հենց դրա հիման վրա է, որ այդ հարցը պետք է լուծվի”, - հայտարարել է “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամը։

Անդրադառնալով հանքավայրի շահագործումն արգելելու դեպքում Լիդիան Արմենիա ընկերության՝ միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությանը, պատգամավորն ասել է, որ, առաջին հերթին, շատ իրավաբաններ կարծում են, որ գործը դրան չի հասնի։ Երկրորդը, ըստ նրա, հարկավոր է պարզել, արդյո՞ք Lydian Armenia ընկերությունը կատարել է 400մլն դոլարի ներդրումներ, ինչպես հայտարարում է, և երրորդ, միջազգային արբիտրաժ դիմելու դեպքում անգամ պետությունը պետք է ստանձնի հավասարակշռված դիրքորոշում։

“Կարծում եմ, որ եթե կշեռքի մի նժարին դրվի հայցն ընդդեմ Հայաստանի միջազգային արբիտրաժում, իսկ մյուսին՝ Հայաստանի Հանրապետության բնությունը և նրա քաղաքացիների առողջությունը՝ ընտրությունն ակնհայտ է։ Անշուշտ, մեզ համար կարևոր է մեր միջազգային հեղինակությունը։ Բայց եթե դրա հետևանքով մենք կորցնելու ենք բնությունը և քաղաքացիների առողջությունն, ապա ինչի՞ համար է մեզ ընդհանապես հարկավոր այդ հեղինակությունն”,-հայտարարել է Իսայանը։

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով ուրբաթ հանդիպել է Ջերմուկի բնակիչների հետ և հանդիպման ընթացքում հայտարարել, որ առցանց կոնֆերանս կանցկացնի Earth link & Advanced Resources Development ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կբարձրացվեն հասարակությանը հուզող բոլոր հարցերը։
Այսպիսով, կարելի է փաստել, որ հանքավայրի հնարավոր շահագործման հետ կապված գործընթացներն իրենց շարունակությունը կստանան շատ մոտ ապագայում։