Բավ է պառակտվել
23-07-2019 13:01

Ի՞նչ կապ ունի Դավիթ Տոնոյանը բանակին սնունդ մատակարող ընկերության հետ

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով:  Lրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանության նախարարությունը փորձարկում է մասնավորի օգնությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Փորձարկման փուլում գտնվող ծրագրի համաձայն, երեք տարվա ընթացքում բոլոր զորամասերում նույն ձևաչափով պետք է իրականացվի սննդի կազմակերպումը:
Այն իրականացվելու է 6 ընկերության կողմից, որոնք բոլորն էլ հաղթող են ճանաչվել։ Տոնոյանի խոսքով՝ առաջին փուլով, այդ համակարգը ներդրվել է 4 ուսումնական զորամասերում, իսկ երբ բոլոր հաղթած կազմակերպությունները միանան աշխատանքներին, արագ-արագ այդ համակարգը կներդրվի բոլոր տեղերում։ 
Տոնոյանը նաև չհերքեց իր անձնական կապերը սննդի կազմակերպման այս համակարգի աշխատանքներում ներգրավված ընկերություններից մեկի ղեկավարի հետ։ 
«Վեց կազմակերպությունները հավասար պայմաններում իրականացնելու են այդ սննդի կազմակերպումը: Կան նաև չակերտավոր ասած բողոքող կազմակերպություններ, որոնք կապում են հաղթող կազմակերպությունները անձամբ ինձ հետ: Ես չեմ ժխտում, որ կազմակերպության ղեկավարը իմ խնդրանքով է դա կատարում հիմա, որովհետև ես ուրիշ վստահելի տարբերակ չունեի: Եթե ինքը չհաջողի, չեմ հաջողելու նաև ես»,-ասց Տոնոյանը: 
Դիտարկմանը թե այդ ընկերությունը սննդի կազմակերպման փորձ չունի, Տոնոյանը նշեց, որ այդ ընկերությունը զբաղվելու է վարչական տեսանկյունից կազմակերպական աշխատանքներով, իսկ բուն սննդի ապահովումն իրականացնելու են այդ ոլորտում մասնագիտացած մյուս ընկերությունները։
Ինչ վերաբերում է տեղեկությունների գաղտնիությանը, Տոնոյանն ասաց, որ բոլոր մասնավոր ընկերությունները նախ ԱԱԾ-ում գաղտնիության ռեժիմի պահպանման փաստաթղթեր են ստորագրելու, իսկ մյուս կողմից՝ ոչ մի կազմակերպություն հնարավորություն չի ունենալու տիրապետել ամբողջական ինֆորմացիային։

 

Արմինե Գևորգյան