06-02-2019 15:49

Ընտանեկան բռնության որ տեսակներն են ամենից հաճախ հանդիպում Հայաստանում․ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է 2018 թվականին ընտանեկան բռնության փաստով հարուցված քրեական գործերի վիճակագրությունն ըստ քանակի և տեսակի։

Ինչպես տեղեկացրել է ՔԿ մամլո ծառայությունը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության փաստով հարուցված 519 քրեական գործ 2017 թվականի 458-ի դիմաց։

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսինների կողմից բռնությանը, գրանցվել են նաև հանցավոր գործողությունների դեպքեր ընտանիքի այլ անդամների կողմից (պապիկներ, տատիկներ, երեխաներ, այդ թվում՝ որդեգրված)։

Քննչական կոմիտեում նշել են, որ 519 քրեական գործից 267-ը հարուցվել է ծեծի ենթարկելու , 66-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 34-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու փաստերով։
Բացի այդ, հարուցվել է 17 քրեական գործ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։
15 դեպք վերաբերել է ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 12-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն։ Այս կատեգորիայի հանցագործությունների փաստերի առնչությամբ 11 քրեական գործ է հարուցվել ծանր մարմնական վնաս պատճառելու, 10-ը` սպանության, 8-ը` բռնաբարության համար:

ՔԿ ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 27-ը եղել է հոր, 12՝ մոր, 2՝ խորթ մոր, 193-ը՝ ամուսինների, 12-ը՝ կանանց, 13-ը՝ հարսների/փեսաների, 4-ը՝ պապիկների/տատիկների, 9-ը՝ ամուսնու ծնողների, 40-ը՝ երեխաների (այդ թվում՝ որդեգրված), 13-ը եղբայրների/քույրերի, 7-ը՝ թոռների կողմից կատարված։

Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես տուժող է ճանաչվել 493 մարդ, որոնցից 244-ը՝ 35 տարեկանից բարձր, 183-ը՝ 18-35 տարեկան։
Բացի այդ 9 տուժող եղել է 16-18 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 25-ը՝ 12 տարեկանից փոքր։

Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 82 քրեական գործ 85 անձի նկատմամբ։