Բավ է պառակտվել
29-06-2019 16:52

Ի՞նչ կլինի Եղվարդի հանրակացարանից վտարված 30 ընտանիքի ճակատագիրը


Արդեն երրորդ օրն է՝ Եղվարդի հանրակացարանից վտարված 30 ընտանիքները կառավարության շենքի առջև են հավաքվում: Նրանք այսօր էլ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում. հանրակացարանում բնակվել են տարիներ շարունակ, սակայն երկու օր առաջ ոստիկանները փորձել են իրենց դուրս հանել շենքից: Բնակիչները հանդիպել են Կոտայքի մարզպետի հետ, որը մեկ ամիս առաջ խոստացել է հարցին լուծում տալ, սակայն մինչ այս պահը ոչինչ չի փոխվել:
Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ծեծելով, ջարդելով 30 ընտանիքի հանել, շպրտել են դուրս, լուծարված շենք է եղել։
<<8 տարի առաջ շենքը վաճառեցին, մեզ խաբեցին, ասացին ձեզ շենք կտանք, հող կտանք, գնացեք ապրեք, շենքը իբր վթարային է։ Մեզ դատարանով հանեցին թղթերը վերցրեցին։>>,-պատմեց բնակիչներից մեկը:
<<Մեծ-փոքր, սաղին ծեծելով հանին քցին դուրս: Ասում են՝ սեփականատեր կա: Էսքան նստել ենք, մարդ չկար, հիմա՝ ասում են կա, ինչի համար է ամբողջ էդ շենքերը արել իրանով>>:
Բնակիչները պնդում են,  որ արդեն 15 տարի է՝  կացարանից կացարան են տեղափոխվում։ Վերջին 1 տարին քաղաքացիները բնակվել են հանրակացարանում, որի սեփականատերը, ըստ նրանց,  հայտնվել է միայն այս տարվա փետրվարի 20-ին և բռնի ուժով դուրս հանել բնակիչներին՝ հասցնելով նյութական վնասներ:
Քաղաքացիների պնդմամբ՝ կիրառված բռնության հետևանքով իրենք և իրենց երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ:
Բնակիցների հետ երեկ հանդիպել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը . ով, քաղաքացիների պնդմամբ, նրանց հորդորել է տուն վարձակալել, քանի որ բոլորն էլ աշխատանք ունեն:
<<Մենք չենք կարող բնակարան վարձել, մեր ստացած 55 000 դրամ աշխատավարձը չի բավարարում նույնիսկ կենցաղային կարիքները հոգալու համար>>,-ասում էր բնակիչներից մեկը:
Եղվարդցիները նշեցին ,որ չեն հեռանա, մինչև չհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Խնդրին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա շեշտել է, թե քաղաքացիները փոքր-ինչ չափազանցնում են. տարածքը հանրակացարան չէ, դա մասնավոր ընկերությանը պատկանող արտադրական տարածք է, ինչը շուրջ մեկ տարի բառի բուն իմաստով զավթել էին մեր հայրենակիցները, և որպես ազատ տարածք՝ տնավորվել էին:
«Այս մեկ տարվա ընթացքում բնակիչների հետ քննարկել ենք այլընտրանքներ: Համայնքի ղեկավարն ինքը պարտավորվել է, որ այդ ընտանիքներին թիրախային լուծումներ կառաջադրի՝ մեր օգնությամբ»:,-ասաց Պետրոսյանը:
Մարզպետն ասաց նաեւ, որ 6 ընտանիք է վտարվել, մյուսները պարզապես դրա ռիսկի տակ են: Վտարված 6 ընտանքի լուծումներ առաջարկվել են, բայց նրանք կոմպրոմիսի չեն եկել ու պնդել են, որ իրենք ուզում են այդ տարածքում ապրել.
Ռոմանոս Պետրոսյանը նաև հերքեց քաղաքացիների պնդումը, որ ոմանց ծեծելով են դուրս բերել տարածքից: Ասաց, որ քաղաքացիները դուրս են բերվել տարածքից ոստիկանության ուժերի կողմից եւ կան նաեւ տեսագրություններ, որտեղ նման դեպքի հնարավոր չէ հանդիպել:

Արմինե Գևորգյան