Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 20: 30-ի սահմանում Գյումրի քաղաքի Կոմունաների փողոցի բնակիչ 28-ամյա Կարեն Նազարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի` 41-ամյա Արամ Հարությունյանին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննչական խումբը:
Ըստ տեղեկությունների, վրաերթի հետևանքով մահացած Ա. Հարությունյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պետական պահպանության բաժնում՝ դասակի հրամանատար: Կոչումով՝ ոստիկանության կապիտան էր:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով: