Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
16-07-2018 20:03

Կաշառք, բժշկական կեղծ ախտորոշումներ. ԱԱԾ–ն բացահայտել է հերթական կոռուպցիոն սխեմա

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:

Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, նշված անձինք կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինոկոչիկների ազատվելու կամ տարկետում տրամադրելու գործընացը։ Գործող սխեմայի մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը։ 

Ձեռք բերված նախնական տվյալներով, ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքի նրբություններին և օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով համաձայնության, մինչև 14 հազար ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետև նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը։ Կոլյա Քոսակյանին և նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա և նախկին աշխատակիցներ, ում էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ քսան խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։ Քրեական գործի դրվագներից մեկով պարզվել է նաև, որ Կոլյա Քոսակյանը համաձայնության է եկել իր ծանոթ հանրապետական զինկոմիսարիատի աշխատակից Ս.Մ.–ի հետ, իսկ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի զինկոմիսար Գարիկ Առաքելյանի հետ 11 հազար ԱՄՆ դոլարի դիմաց Հայաստանի քաղաքացի Ն.Ա.–ին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա ծառայությունից ազատելու վերաբերյալ։ Գումարը ստանալուց հետո զինկոմը խոստացել է հարցը լուծել, սակայն գործն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ կողմից։ 

Մեղադրանք է առաջադրվել 3 անձի` Կոլյա Քոսակյանին` ՀՀ ՔՕ 38-312–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (Առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն օժանդակելը), Գարիկ Առաքելյանին` ՀՀ ՔՕ 311–րդ հոդվածի 4–րդ մասի 2–րդ կետի (Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը) և Արամայիս Սանոսյանին` ՀՀ ՔՕ 311–րդ հոդվածի 3–րդ մասի 3–րդ կետի (Խոշոր չափի կաշառք ստանալը) և 311–րդ հոդվածի 4–րդ մասի 2–րդ կետի (Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը) հատկանիշներով։ 

Ձեռնարկվում են միջոցներ` գործին առնչակից անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ։