Բավ է պառակտվել
12-11-2022 22:22

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հուսով է, որ Պուտինի ջանքերը կնպաստեն Արցախի անվտանգության ապահովմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։

Կաթողիկոսը ողջունել է ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։

«Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրեց բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովվմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։ »,- հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձավ այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։

Վերջինս հաստատեց, որ պատվիրակությունը կանի ամեն հնարավորը` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։