Բավ է պառակտվել
28-06-2018 21:18

Կեցցեք, հայեր. Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խոստանում է ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին, քանի որ երկրում տեսնում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսեւորումներ, ինչը, ըստ նրա, լուրջ փաստարկ է, որպեսզի այսուհետ դադարի բարձրաձայնել այս խնդիրը եւ ջանքերը կենտրոնացնի այլ կարեւոր ուղղություններով:

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին, Սվիտալսկին նշել է. «Կարծում եմ՝ չափազանց կարեւոր է, որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է իր առաջնահերթություններից մեկը: Եվ այս մեսիջը, որ Հայաստանի իշխանությունները ամենայն լրջությամբ են մոտենում կոռուպցիայի դեմ պայքարին, հստակորեն հնչեց նաեւ Բրյուսելում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի ընթացքում, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսելում ունեցած այլ հանդիպումների ընթացքում: Եվ մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում՝ դրա բոլոր դրսեւորումներով, եւ որ պակաս կարեւոր չէ՝ նոր կառավարությունը ցանկանում է դա իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ գործող օրենսդրության շրջանակներում եւ լիակատար թափանցիկության պայմաններում»:

Սվիտալսկին կարծիք հայտնեց, որ ԵՄ-ի համար սա ոգեւորիչ է. «Մենք պատրաստ ենք, եթե դրա կարիքը կա, առաջարկել հնարավոր առավելագույնը՝ մեր փորձի, գիտելիքների եւ տեխնիկական փորձագիտական կարողությունների առումով: Սա մի բան է, որ հստակորեն հայտարարվել է Բրյուսելում՝ այդ հանդիպումներում:

Մենք տեսնում ենք կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսեւորումներ: Սա շատ կարեւոր զարգացում է, եւ դա նաեւ լուրջ փաստարկ է, որպեսզի ես այսուհետեւ դադարեմ բարձրաձայնել այս խնդիրը եւ իմ ջանքերը կենտրոնացնեմ այլ կարեւոր ուղղություններով: Այնպես որ, այս պահից սկսած խոստանում եմ ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին․ ես այդ մասին խոսում էի դեռ այն ժամանակ, երբ այդ մասին քչերն էին խոսում եւ երբ որոշ շրջանակներում դա դժկամությամբ էին ընդունում: Եվ ես անչափ ուրախ եմ, որ այսօր հայաստանցիները քաջություն ունեն այդ մասին խոսելու եւ ցույց տալու, որ իրենք դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսեւորման: Կեցցե՛ք, հայե՛ր»: