Բավ է պառակտվել
01-09-2020 10:44

ԿԳՄՍ-ին քննադատող ԵՊՀ դասախոսների նկատմամբ քաղաքական որոշում են կայացրել

«Փաստ» թերթը գրում է, որ ամենաքննարկվող հարցերից մեկը կապված էր ԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչների հետ, որոնք մասնագիտական շրջանակների և հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ քննադատության արժանացան։ Այս հարցում հատկապես աչքի էին ընկնում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների հեղինակավոր դասախոսներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով` այս հանգամանքն իշխանություններին շատ խիստ «նեղացրել է», իսկ ներկայումս էլ որոշակի գործողությունների են նախապատրաստվում։
Թերթի համալսարանական աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները ԵՊՀ ղեկավարությանը հանձնարարել են ուսումնասիրել և պարզել, թե ինչու են հատկապես տվյալ դասախոսներն ակտիվացել թեմայի հետ կապված, հասկանալ, թե «քամին որտեղից է փչում» և, որ ամենակարևորն է, այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ առկա՞ է, թե՞ ոչ։
Թերթի տեղեկություններով` հանձնարարվել է նաև առանձին ցուցակներում «ի մի բերել անհնազանդներին», որպեսզի առաջիկայում նրանց նկատմամբ կոնկրետ մեխանիզմներ իրականացվեն ու քայլեր կիրառվեն։ Մասնավորաբար, ըստ թերթի աղբյուրների, արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել, որ գտնեն այնպիսի միջոցներ, որպեսզի այդ դասախոսներից շատերը դադարեցնեն իրենց դասախոսական գործունեությունը:
Իսկ ահա Հրապարակ օրաթերթն էլ գրում է,որ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ արշավն ու բողոքը միայն փողոցում կամ Ֆեյսբուքում չեն ընթանում։ Արայիկ Հարությունյանին, պարզվում է, հարյուրավոր նամակներ են ուղղում քաղաքացիները՝ հաճախ փողոցային բառապաշարով։ Դրանք ուղարկում են նախարարության հասցեով։
Մեզ պատմեցին, որ նամակներում շատ հազվադեպ հանդիպում են նաև շնորհակալական խոսքեր, սակայն գերակշռող մասը քննադատություններն ու հայհոյանքներն են, վիրավորական արտահայտությունները։ Հաճախ դրանք «ես քեզ նախարար նշանակողի...» ոճի մեջ են։ Եվ այդ նամակներն ամեն օր կարդում են ԿԳՄՍՆ աշխատակիցներն ու հայտնվում անհարմար դրության մեջ, քանզի ստիպված են նման հայհոյանքներին բովանդակային պատասխաններ գտնել. օրենքը պարտադրում է գրավոր պատասխանել նամակներին»։