Բավ է պառակտվել
12-01-2021 13:13

Կապան տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության ներքո է․ ՄԻՊ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ճանապարհի տարբեր հատվածներն Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված։ Ընդ որում, Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումներն անում են բացահայտ սադրանքով։ Դրանից բացի, ինչպես հայտնում են բնակիչները, կարող են հայտնվել զենքով այդ ճանապարհի վրա։ Նրանք կարող են կանգնել այդ ճանապարհի վրա և դիտարկում իրականացնել։ Եվ այդ ճանապարհները մեր խաղաղ բնակավայրերը իրար կապող ճանապարհներ են։ Սա առաջացել է սահմանազատումը մեխանիկական մոտեցմամբ կիրառման պատճառով»,- ընդգծեց Թաթոյանը։

Նա նշեց, որ թեև Google քարտեզով է կատարվում սահմանների բաժանումը, սակայն այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներով՝ Շուռնուխն ամբողջությամբ հայկական է։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ հատվածներում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկել շատ արագ և չկանգնել, որովհետև դա ադրբեջանական կողմը կդիտարկի որպես սադրանք։
Մարդու իրավունքների պաշտպանը այցեր է իրականացրել նաև Գեղարքունիքի մարզ, որտեղ խնդիրներ է արձանագրել ՀՀ սահմանների որոշման գործընթացի շրջանակում։

«Մի շարք հարցեր կան, որոնք ոչ միայն անվտանգության, կյանքի իրավունքին ուղիղ ուղղված սպառնալիքներ են, այլ նաև՝ մի շարք հարցեր, որոնք երկարաժամկետ հեռանկարում լուրջ խնդիրներ կարող են առաջացնել և ընդհանրապես կարգավորված չեն», - ասաց Արման Թաթոյանը։
Նա որպես օրինակ մատնանշեց իրավազորության հետ կապված հարցերը։

«Պատկերացրեք, թե ինչ օրենսդրություն է կիրառվելու, եթե, օրինակ, այն տարածքներում, որոնք, այսպես կոչված, ադրբեջանական են, տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, հանցագործություն տեղի ունենա։ Եթե համարում ենք, որ դա Ադրբեջանի տարածք է, ի՞նչ է նշանակում, պետք է Ադրբեջանի քննչական մարմինները գան, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ կամ այլ վարույթներ իրականացնեն, դեռ մի հատ էլ բերման ենթարկեն իրենց բաժիննե՞ր», - ասաց պաշտպանը՝ նշելով, թե սրանք հարցեր են, որոնք ընդհանրապես կարգավորված չեն։

«Այնտեղ մեր պետական մարմիններն ու ծառայողներն այդ հարցերի վերաբերյալ ոչ մի պատկերացում չունեն։ Հայաստանի Զինված ուժերի անձնակազմերը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերը տեղում իրականացնում են հերոսական, անձնուրաց ծառայություն։ Կարևոր գործառույթ են կատարում նաև ռուսական սահմանապահ զորքերը։ Սակայն սրանք իրավական հարցեր են, որոնցով կարգավորումներ չկան, և հրատապ լուծման կարիք ունեն», - նշեց ՀՀ ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանը նշեց,որ ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։
Նա ընդգծեց՝ սահմանների որոշման մեկնակետն այն պետք է լինի, թե արդյո՞ք դրա արդյունքում մենք ունենում ենք խաղաղություն և համերաշխություն մեր ժողովրդի իրավունքների տեսանկյունից։

Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակելի վայրերը, խնդիր կա նաև Կապանից մի քանի գյուղեր տանող ճանապարհների առումով։
«Երբ այդ ճանապարհով բարձրանում ենք, մի քանի տեղ ադրբեջանական դրոշներ են, զինված մարդիկ են։ Մինչ այս պահը կիրառված մեխանիկական մոտեցումների պատճառով ուղիղ սպառնալիքների ներքո են հայտնվել խաղաղ բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքները, իսկ սեփականության իրավունքը կոպտորեն խախտված է»,-ասաց Թաթոյանը։

Արմինե Գևորգյան