Բավ է պառակտվել
20-12-2019 16:05

Քոչարյանը մնաց կալանքի տակ

Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների ավելի վաղ ներկայացրած բողոքը:
Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահի պաշտպանը բողոքարկել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշումը, որը կայացրել էր դատավոր Աննա Դանիբեկյանը: Ներկայացնելով իր բողոքը՝ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ վիճարկվող դատական ակտը կամայական է եւ խախտում է անձի՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:
«ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը՝ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար»,–ասաց Հայկ Ալումյանը։
Մեղադրող կողմը, սակայն, առարկել էր պնդելով, որ վիճարկվող դատական ակտը բավարար չափով պատճառաբանված էր, եւ խնդրել էր մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ի դեպ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի որդի ՝Լևոն Քոչարյանը,ով անդրադարձավ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների ստորագրահավաքին, որով կոչ են անում ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Չկա գեթ մեկը նշված ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել»:
Ինչ վերաբերում է որոշ ներկայացուցիչների` իրենց ստորագրությունից հրաժարվելուն, ապա Լևոն Քոչարյանն ասաց. «Մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնել մարդկանց ինչ-որ ավելի վատ վիճակի մեջ չդնելու համար:
Լևոն Քոչարյանը պարզաբանեց նաև, որքանով ինքը հասկացել է` ստորագրություն, որպես այդպիսին, չի եղել, խոսքը հայտարարությանը միանալու մասին է եղել:
«Եթե ինչ-որ մարդ կա, որ տեքստին ինչ-որ կերպ ծանոթ չի եղել, ես չգիտեմ թե ում թերացումն է դա, ներողություն եմ խնդրում դրա համար, բայց դա գրեթե բացառում եմ: Մի մասը կային, որ ասեցին՝ դե չենք ստորագրել, այսինքն ստորագրել բառի վրա բառախաղը գնաց: Ով հետ է կանգնել այդ ամենից, էլի չեմ մեղադրում, ինչ-որ տեղ հասկանում եմ, հանրային մարդիկ են, քննադատությունն ավելի ծանր է իրենց համար, գուցե ավելի զգացմունքային են տանում այդ ամենը»,-ասաց նա:
Նա նշեց, որ հայտարարության տեքստում ասվում է, որ խոսքը քաղաքականության մասին չէ, այլ ավելին. հումանիստական քայլ էր:
Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ իր կինը՝ երգչուհի Սիրուշոն համաձայնություն ստանալու գործում ներդրում է ունեցել։

ՀՀ երկրորդ նախագահին որդին անդրադարձավ ոստիկանության տարածած տեսանյութի մասին,որտեղ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:
«Շատ կասկածելի է այդ ամեն ինչը՝ թե´ ինքը, թե´ տեսանյութը: Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ մարդը, որ հայտնվել է իբրև աջակից, ինչպես մյուսները, որ համախոհ են, բնականաբար, այնպես չի, որ այդ մարդկանց ամեն ինչը ստուգում է: Մի տարբերակն այն է, որ հատուկ այդ նպատակով այդ մարդուն ուղարկել են, ձայնագրել՝ շահարկելու համար, երկրորդ տարբերակը չեմ էլ ուզում քննարկել»,- ասաց նա:

 

Արմինե Գևորգյան