Բավ է պառակտվել
12-06-2019 17:21

Քոչարյանը հորդորեց դատավորին ինքնաբացարկ հայտարարել, դատախազն էլ ասաց՝ մի անլրջացրեք գործընթացը:


Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Քոչարյանի պաշտպանական խումբը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։
Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց,որ կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին, նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։
<<Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը Ձեզ մակագրելը: Դուք այն դատավորն եք, որն առավել հազվադեպ է կայացնում դատական ակտ, որը կհակասեր դատախազության դիրքորոշումներին>> , - ներկայացրեց Ալումյանը։

Ինքնաբացարկին միացավ նաև Ռոբերտ Քոչարյանը,ասելով ,որ խիստ կասկածներ ունի ներկայացված դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ:
<<Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ, որ նաև այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի: Բավական լուրջ են ներկայացված հանգամանքները, ես ծանոթ եմ քննիչի նյութերին, դրանք նկարած բան են, կոմպյուտերի միջամտություն կա, նույնիսկ տարիներ անց, սա հանցագործություն է, հնարավոր է լինելու պարզել՝ ինչ է կատարվել:Էն գլխից այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ՝ առանց անձնավորելու, ուղղակի հորդորում եմ ընդունել ինքնաբացարկի միջնորդություն»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով միջնորդությանը, նշեց՝ այդ գործընթացին՝ գործերի բաշխման գործընթացին միջամտելը հանցագործություն է:
<<Ուղղակի կասկածներով փորձել դատարանին տանել ինքնաբացարկի, սրանով անլրջացնում ենք գործընթացը>>,- ասաց գլխավոր դատախազը:
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունն ավելի շատ ձևականություն էր։

<<Ըստ էության, ես գտնում եմ, որ ենթադրության վրա հիմնված բացարկ էր։ Գտնում եմ, որ դուք՝ որպես դատավոր հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եք նշանակվել և պետք է, որ այդ տեսանկյունից կասկածներ չլինեն>>, - հայտարարեց Սաֆարյանը։
Նշենք, որ դատարանն այսօր  պետք է քններ  Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը։ 

 

Արմինե Գևորգյան