Բավ է պառակտվել
20-01-2021 13:06

«Շուշին հանձնողներից մեկն էլ դու ես»․ Ռոբերտ Քոչարյանը դատախազին

Տևական ընդմիջումից հետո այսօր վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատաքննությունը հետաձգվում էր, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների կողմից կազմակերպած բողոքի ակցիաներին և չէր ներկայանում դատական նիստերին:

Այսօրվա նիստին դատարանը քննում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ միջնորդություն ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2020 թվականի նոյեմբերի 30-ին վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հնչած մտքերը: Խորհրդակցությանն, ըստ նրա, քննարկվել են կոնկրետ քրեական գործեր:

«ՀՀ վարչապետի և գլխավոր դատախազի միջև փոխհարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է Արթուր Դավթյանին հրավիրել իր մոտ և քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի ընթացքը: Գործադիր իշխանության հետ Դավթյանի փոխհարաբերությունները հակասում են «Դատախազության մասին» օրենքի մի շարք դրույթներին, և կարող է կասկած առաջանալ Դավթյանի՝ գործադիր իշխանությունից կախյալ լինելու վերաբերյալ»:

Դատարական նիստ մեկ ժամ ընդմիջվեց և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի շենքի մոտ իրեն աջակցելու եկած քաղաքացիներին ու հորդորեց նրանց գնալ տուն։ Ի դեպ աջակիցները պարզել էին «Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով պաստառներ։ «Շնորհակալություն, որ եկել եք, ձեզ հետ եմ, եղել եմ, կամ ու միշտ լինելու եմ, ուղղակի հիմա խնդրում եմ, դատը հետաձգվել է, թարգմանիչ չկա, ինչ-որ տարբեր պատճառներ են հայտարարել։ Ես ուղղակի խնդրում եմ չմնալ այս ձյան տակ, գնացեք ձեր տները», - ասաց Քոչարյանը։

Դատական նիստը շարունակվեց և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին՝ կասկածի տակ դնելով նրա անաչառ ու անկողմնակալ լինելը։ Մեկ այլ միջնորդություն էլ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ հայտնեց Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Հովհաննես Խուդոյանը։
Պաշտպանական կողմի միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Նա մասնավորապես անդրադարձավ պաշտպան Արամ Վարդևանյանի ելույթին, որով վերջինս զարմանք էր հայտնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն գործերում, որոնցում ներգրավված են հայրենիք ազատագրողները, Գևորգ Բաղդասարյանը դատարանում է ու պաշտպանում է մեղադրական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մայիսի 8 –ին Շուշիի ազատագրման օրը դատական նիստ էր նշանակված և դատապաշտպանները ասում էին, որ նիստն այդ օրը միտումնավոր է նշանակվել։ Իրենց միտքը ձևակերպում էին այսպես ՝ Շուշիի ազատագրման օրը դատում են Շուշին ազատագրողներին։
Բաղդասարյանը նշեց, որ այդ օրը որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել, ինքն արձանագրում է արել, իսկ Վարդևանյանի հայտարարությունը համարում է վիրավորական: Արդյունքում թեժ վիճաբանություն սկսվեց պաշտպանական ու մեղադրող կողմերի միջև:

«Ես չգիտեմ՝ այդ հայտարարությունը, իմ խոսքն ինչի՞ համար է այդպես շատ սուր ընկալվել, որովհետև այդ մտքով հաստատ չեմ ասել: Այդ օրն էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ խոնարհումով եմ վերաբերվում ցանկացած հայի նկատմամբ, ով պայքարել է Շուշիի համար, առավելևս՝ ով կարողացել է այդ պայքարի արդյունքում պահպանել, ունենալ

Շուշի, ապահովել, որ ես ունենամ Շուշի…
Ես երբեք հանձնողներին չեմ պաշտպանում… ի՞նչ… ի՞նքս եմ հանձնել»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ապա ընդհատեց խոսքը՝ դիմելով դատարանին ու նշելով, թե իրեն թվաց, որ պաշտպանական կողմից հայտարարեցին, որ ինքն է Շուշին հանձնել:

«Հանձնողներից մեկն էլ դու ես»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հանձնողներից մեկն ես, էլի»,- ասաց Յուրի Խաչատուրովը:
«Հանձնողներից մեկը Դուք եք: Ի՞նչ ա նշանակում՝ «հանձնողներից մեկը դու ես», այսի՞նքն, ինչի ես հանձնող ե՞մ, ինչի ես հանձնող ե՞մ, ո՞վ է հանձնող»,- ասաց դատախազը։

Դատարանը վիճաբանությունը չկարողացավ հարթել։ Դատական նիստը ընդմիջվեց։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Իսկ գործը դատարանում է 2019-ից, սակայն մինչ այժմ գործով դատաքննություն չի սկսվել:

Արմինե Գևորգյան