Բավ է պառակտվել
28-03-2020 21:42

Ու՞մ կտուգանեն Ռուսաստանում կարանտինը խախտելու համար, և ինչո՞վ է այն տարբերվում մեկուսացումից

Մոսկվայի մարզի բնակիչներին հիշեցրել են, որ կարանտինի խախտումը քրեական հանցագործություն է։ Բացի այդ, մոտ ժամանակներս կարող են բարձրացվել տուգանքների չափերը։ Սակայն պատիժը բոլորին չի վերաբերվի։

Նախկինում էլ կարանտինի խախտումը պատժվում էր համաձայն ՌԴ ՔՕ 236-րդ հոդվածի՝ “Սանիտարա-հիգիենիկ կանոնների խախտում”։ Այս տարվա հունվարի վերջին կորոնավիրուսային վարակը ճանաչվեց շրջապատի համար վտանգավոր հիվանդություն, ուստի կարանտինն այս դեպքում ևս հանդիսանում է նման կանոն։

Պատժի աստիճանը կախված է հետևանքներից։ Եթե կանոնազանցի մեղքով որևէ մեկը վարակվի, ապա նա կվճարի 80հազ․տուգանք։ Այլ անձի մահվանը հանգեցնող դեպքում նա կարող է պատժվել ազատազրկմամբ։

Բացի այդ, Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, որի համաձայն պատիժ էր նախատեսված նաև սանիտարա-համաճարակաբանական կանոններին չհետևելու համար։ Այժմ կարանտինը խախտելու համար տուգանքը կարող է կազմել 1մլն․ռուբլի։ Ճիշտ է, սա վերաբերվում է միայն իրավաբանական անձանց։ Այնպես որ իրավախախտի՝ մեծ գումարով տուգանվելու հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Ո՞վ կտուգանվի

Սակայն, ու՞մ կարող են վերաբերվել այս օրենքները։ Մոսկվայում կարանտին պաշտոնապես հայտարարված չէ, տրանսպորտը գործում է, իսկ ինքնամեկուսացումը լոկ խորհրդատվական բնույթ ունի։ Հետևաբար, եթե ցանկություն առաջանա տնից դուրս գալ մաքուր օդ շնչելու՝ ոստիկանությունը չի կարող ձեզ կանգնեցնել։

Այլ բան է, եթե վերադարձել եք արտասահմանից։ Այս դեպքում, ժամանելուն պես պետք է ստորագրվի փաստաթուղթ, որտեղ անձը հայտնում է իր կոնտակտները Առողջապահության դեպարտամենտին և հաջորդ 14 օրը գտնվում է տնային կարանտինի մեջ։ Ի տարբերություն կամավոր ինքնամեկուսացման՝ կարանտինը պարտադիր է։

Քանի որ հիվանդանոցներում բուժվում են միայն նրանք, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, տնային կարանտինում են հայտնվում այն բոլոր անձինք, ովքեր վերադարձել են արտասահմանից և նրա հետ բնակվող մարդիկ։ Բացի սա, կարանտինի ռեժիմ պետք է պահպանեն նրանք, ովքեր շփում են ունեցել վարակվածի հետ։ Եվ ահա այս դեպքում խախտումը կպատժվի օրենքի համաձայն։ Ի դեպ, եթե անգամ տնային կարանտինի ընթացքում կտրուկ վատանում է ինքնազգացողությունը, պետք չէ գնալ պոլիկլինիկա, պետք է տնային կանչ տալ։

Ինչպե՞ս են պատժում այլ երկրներում

Նմանատիպ միջոցառումներ կան նաև այլ երկրներում։ Օրինակ՝ կորոնավիրուսով համակված Իտալիայում իշխանությունները հայտարարել են արտակարգ միջոցառումներ․ եթե նախկինում կարանտինի ռեժիմը խախտելու համար տուգանքը կազմում էր 206 եվրո, ապա այժմ այն կարող է հասնել մինչև 3000-ի։ Ընդ որում, հարկ է հասկանալ, որ Իտալիայում կարանտին է հայտարարված բոլոր բնակիչների համար։

Ոչ պակաս կոշտ կարգ է գործում նաև Իսպանիայում։ Ինչպես և Իտալիայում, այստեղ ևս պարզապես փողոց դուրս գալու համար հարկավոր է հատուկ թույլտվություն, որը տրվում է միայն այն դեպքում, երբ մարդը որևէ տեղ է գնում՝ աշխատանքի հետ կապված։ Թույլտվության բացակայության դեպքում, իրավախախտին սպասում է 30հազ․ եվրո տուգանք, իսկ որոշ դեպքերում նաև՝ ազատազրկում։

Չեխիայում կարող են տուգանել դիմակի բացակայության համար, ինչը բավականին տարօրինակ է, հաշվի առնելով, որ առողջ մարդու համար դիմակն անօգուտ է։ Տեղեկացվել է Հունաստանում հազարավոր տուգանված բնակիչների մասին, որտեղ նույնպես տեղաշարժի սահմանափակումներ են մտցված։

Առանց հարգելի պատճառի տնից դուրս գալու համար նմանատիպ տուգանքներ են սահմանված Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։