Բավ է պառակտվել
11-07-2019 22:59

ՃՏՊ-ի դեպքերը շատացել են ճանապարհների վատ լուսավորվածության պատճառով. Օսիպյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբին անդրադարձավ վերջին օրերի ողբերգական ավտովթարներին, որոնց արդյունքում մենք մեծ թվով զոհեր ունեցանք։
«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ նախագիծն Ազգային ժողովում է ու պետք է քննարկել հնարավորինս շուտ:
Փաշինյանը նկատեց, որ ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աննախադեպ ավելացել է, ներկրումները մեծ ծավալով շարունակվում են,և ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ ու որևէ հանդուժողականություն չցուցաբերի:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց՝ բոլոր դեպքերով ոստիկանությունը ուսումնասիրություններ է իրականացնում:
Անդրադառնալով Զոդի կամրջի վրա տեղի ունենցած ողբերգական դեպքին՝ Օսիպյանն ասաց, որ կամրջի վրա անթույլատրելի է վազանց կատարել:
«Ես վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, ճիշտ է, ասում եմ ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ գործառույթների մեջ կան թերացումներ», - ասաց նա՝ ավելացնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարները վերջին տասը տարում շարունակում են աճել, քանի որ ճանապարհները վատ են լուսավորված
«Օրինակ՝ 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ՝ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր», - ներկայացրեց Օսիպյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ժամանակն է, որ տեխզննման ու ԱՊՊԱ-ի գործընթացը սինխրոնիզացնել:
«Կարծում եմ՝ դա ամենաարդյունավետ լուծումը կլինի, ի վերջո, այն մեքենան, որը չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, կոչ եմ անում հանձնարարական տալ», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր եկավ առաջարկը:


Արմինե Գևորգյան