Բավ է պառակտվել
11-01-2021 17:26

Ջաբրայիլի հրամանատարները պետք է պատժվեն, երեխաներին տարել են առաջնագիծ ու փախել. Անհայտ կորած զինծառայողի մայր

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր բողոքի ակցիա էին իրականացնում զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:

Հոկտեմբերի 6-ին զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը այսօր քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում էր։ Նա մի խումբ անհետ կորած ու զոհված գերեվարված զինծառայողների ծնողների հետ նոյեմբերի 2-ին ներկայացրել էին հաղորդում սպայակազմի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ: Գարիկ Մխիթարյանի պնդմամբ` հրամանատարական կազմի սխալ հրամանի հետևանքով են զոհվել իրենց երեխաները:

«Բարձրաստիճան զինվորականներ կան, գեներալներ, վաշտի, գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մինչև այսօր մեր հայցը դեռ բավարարված չէ, մարդիկ կային, որ պետք է հարցաքննվեին։ Մեզ ասացին, նրանց հարցաքննել են Ղարաբաղում, Հայաստան չեն բերել։ Ասացին՝ հանգամանքները բավարար չեն, մեր հարցը մնացել է օդում կախված»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Լիլիթ Բադալյանն էլ հոկտեմբերի 9-ից որևէ տեղեկություն չունի իր տղայի մասին, ով ծառայում էր Ջաբրայիլում:
«Փաստաբաններ պետք է աշխատեն, ցուցմունք ենք տալու, մեղավորները պետք է պատժվեն: Երեխաներին տարել են առաջնագիծ ու հրամանատարները փախել են:

Ջաբրայիլի անձնակազմը բոլորն էլ տականքներ են, բոլորն էլ պետք է պատժվեն: Հո ասեղ չեն, որ կորեին անտառում: Երկու ամսից ավելի ասում ենք՝ երեխաները մնացել են այնտեղ, ողջ երեխեք կան, գնացեք: Ոչ մեկ չաշխատեց մինչև երեխաներին սպանեցին, տվեցին ծնողներին»,- ասաց Լիլիթ Բադալյանը: Նա նշեց, որ շատ պաշտոնյաների հետ են հանդիպել, պաշտպանության նախարարությունում ընդհանրապես մարդ չկա: Հույս ունի, որ գոնե իրավապահ մարմինները կաշխատեն, այլապես ծնողներն արդեն ամեն ինչի պատրաստ են:

Կոմիտեում սակայն ծնողներին հավաստիացրել են, որ գործը գնում է առաջ և ավելին խնդրել են մյուս ծնողներին ևս դիմում ներկայացնեն։

«Մեր պահանջն այն է, որ ոչ թե ծնողները պետք է գնան տվյալները հավաքեն, բերեն տան քննչական կոմիտեին, այլ մենք զինվոր ենք տվել, տվյալ զորամասից հարցում պետք է կատարեն, քանի՞սն են վիրավորվել, քանի՞ անհետ կորած ու գերի կա։ Ոչ մի փաստ չկա։ Մեր ասածն այն է, որ ոչ թե ծնողը պետք է գնա, ապացույցներ գտնի, բերի, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն»,- ասաց զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարություն էր տարածել, որ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի, 117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Արմինե Գևորգյան