Բավ է պառակտվել
18-05-2020 14:42

Ո՞ր երեխաներին մանկապարտեզ գնալու առաջնահերթություն կտրվի

Մանկապարտեզ գալու առաջնահերթությունը տրվելու է այն երեխաներին, որոնց ծնողները աշխատում են, աշխատում է միայն մայրը անապահով ընտանիքի երեխաներ են: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ շուրջ 61 հազար ծնողների շրջանում հարցում է արվել եւ նրանցից մոտ 11 հազարը գտնվում է այս կարգավիճակում, եւ ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ:
Փոխքաղաքապետը ներկայացրեց սահմանված կանոնները, որոնցով աշխատելու են մանկապարտեզները. «Բացառում ենք ծնողների մուտքը մանկապարտեզ: Երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում, եւ համոզվելով, որ չունի ջերմություն, ընդունում են մանկապարտեզ»,-ասաց նա՝ կոչ անելով ծնողներին համբերատար կերպով պահել հեռավորություն պահպանելու կանոնները:
Ջերմաչափում կատարվելու է նաև վերջում, եւ եթե պարզվում է, որ ջերմություն ունի, հորդորում են երեխային չբերել մանկապարտեզ. «Խմբերում լինելու են 8-10 հոգի: Մանկապարտեզում հրաժարվելու ենք այն խաղատեսակներից ու խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ: Հրաժարվելու ենք այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում»,-ընդգծեց Վիրաբյանը:
Նա ընդգծեց նաև, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները աշխատանքի չեն գա, բայց կվճարվեն ամբողջությամբ: Մանկապարտեզներն օրական երկու անգամ կախտահանվեն:
Ինչ վերաբերում է սննդին, նույն կերպ է իրականացվելու, ինչպես նախկինում, սակայն որոշակի սննդատեսակների դեպքում փաթեթավորման փոփոխություն է արվել:
«Մատակարարների հետ նոր աշխատանքային ձևաչափ ու կանոններ ենք մշակել, որոշակի սննդատեսակներում արել ենք փաթեթավորման փոփոխություններ՝ սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար, նաև կիրառվում են մի շարք այլ նորմեր, որոնք կպաշտպանեն համավարակից: Քաղաքապետարանն արդեն իսկ մեկ ամսվա համար պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել, որը հնարավորություն կտա բոլոր աշխատակիցներին ապահովել համապատասխան պարագաներով: Սա միայն մեկ ամսվա կտրվածքով եմ նշում: Սա մեզ համար փորձություն է և պետք է խստագույնս պահպանենք դա: Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոներին, կվտանգեն երեխաների կյանքերը, նրանցից շատ արագ կազատվենք»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ խրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցները չեն գա աշխատանքի, բայց կվճարվեն 100 տոկոս աշխատավարձի չափով: «Այն աշխատակիցները, որոնք չունեն հիվանդություն, ռիսկային գոտում չեն, բայց ուղղակի չեն ուզում գալ աշխատանքի՝ իրենց իսկ անվտանգության կանոներից դուրս գալով, չեն վճարվի հարյուր տոկոս, կվճարվեն հարկադիր պարապուրդով և այն աշխատակիցները, որոնք հավուր պատշաճի՝ հասկանալով պահի կարևորությունը, կգան աշխատանքի, իրենք բնականաբար կվճարվեն իրենց ամբողջ աշխատավարձի չափով, և կգտնենք տարբերակներ հավելյալ խրախուսումների համար»,- ասաց նա:

 

 

Արմինե Գևորգյան