Բավ է պառակտվել
02-03-2020 13:09

Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք թեստերի պատասխաններին. Փաշինյան

Այսօր առավոտյան հերթական ընդլայնված նիստն է գումարել Կորոնավիրուսի կանխարգելման աշխտանքային խումբը: Նիստի արդյունքները ներկայացրել է վարչապետը:
Երեկվանից իրադրության բացասական որևէ փոփոխություն չունենք, կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է։ Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստի պատասխաններին, և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք։ Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց, Աստված մի արասցե, եթե հաստավեն, մենք դրա մասին կտեղեկացնենք։ Եթե հաստատվեն, որևէ խուճապի առիթ պետք է չլինի։ Սա հաղթահարելի հիվանդություն է», - ասաց վարչապետը։
Վարչապետը ներկայացրեց նաև արձանագրված մեկ դեպքի մանրամասները։
«Առայժմ նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ջերմություն չունի: Ջերմություն է ունեցել մի թեթև, որն էլ դեղով է իջեցվել: Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում»,–ասաց վարչապետը հավելելով,որ «Գոլդեն փելեսի» ժողովուրդը նույնպես լավ են, որևէ մեկը ջերմություն չունի, ոչինչ չի ախտորոշվել, ինքնազգացողության հետ խնդիրներ չունեն:
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ որոշել են երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ոււղղությամբ:
«Կսկսենք ժամանակավորապես Իրանի հետ վիզային ռեժիմը վերականգնելու գործըթնացը: 5 օրվա ընթացքում այդ ռեժիմը կվերականգնվի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ աշխատանքային խմբի կոչն է հայրենակիցներին հնարավորինս սահմանափակել ուղևորություններն Իտալիայի ուղղությամբ և սահմանափակել ուղևորությունները Թուրքիա։
Արդեն ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց հայտնելով, որ վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ` նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։
Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»,- գրել է նախարարը։

 

 

Արմինե Գևորգյան