Բավ է պառակտվել
10-06-2020 14:47

Կորոնավիրսուսի պատկերը ըստ մարզերի

Այսօր ԱԺ ֊ում էին ՀՀ մարզպետները, ովքեր լրագրողներին ներկայացրեցին կորոնավիրուսի հետ կապված իրենց մարզերում տիրող իրավիճակը:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ասաց, որ մարզային հիվանդանոցների ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվում են, բայց մարզում առանձնացված հիվանդանոց չկա, որն զբաղվի միայն կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժմամբ:
«Օրինակ՝ Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնը հնարավոր է վերապրոֆիլավորել: Նման խոսակցություններ արդեն տարվում են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ բացի Մեծամորի ԲԿ-ից, կարող են վերապրոֆիլավորվել նաև Արմավիրի և Վաղարշապատի ԲԿ-ները:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասաց, որ իրենց մարզում վարակվածները հիմնականում բուժումը ստացել են մայրաքաղաքի կամ այլ մարզերի բուժհիմնարկներում, սակայն արդեն երրորդ օրն է՝ Մարտունի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է, և մարզի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներն իրենց բուժումը կշարունակեն այնտեղ:
«Արդեն երրորդ օրն է՝ Մարտունու հիվանդանոցի մի հարկ, որտեղ մոտավորապես 40-45 պացիենտի կկարողանանք բուժել, ամբողջական ծավալով:»,- նշեց Սանոսյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ ասաց, որ երեկ մարզում բացվել է առաջին բուժհաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ:
«Դա Դիլիջանի «Իրվինգ» բժկական կենտրոնն է, որը կսպասարկի 50 հոգու ստացիոնար ծառայության մեջ և հինգ հոգու՝ վերականգնողական ծառայության մեջ: Ռեանիմացիոն ծառայությունում ևս կունենանք պացիենտներ: Համոզված եմ, որ բարձր որակի ծառայություն կմատուցվի»,- նշեց Չոբանյանը:
Չոբանյանն ասաց, որ այս պահի դրությամբ մարզում կա 133 վարակակիր, որոնցից 26-ը գտնվում են բժշկական հաստատություններում, մեկուսացվածների թիվը շուրջ 600 է:
«Խոշոր օջախներ ունեցել ենք Բերդում՝ «Տավուշ տեքստիլը», և անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում:
Իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ նշեց, որ մարզում այս պահին շուրջ 1300 հաստատված դեպք կա, որոնց մեծ մասն արդեն բուժվել է, մնացած մասը բուժման պրոցեսի մեջ է:
«Վերջին 10-15 օրվա տվյալներով՝ հիմնականում առանց սիմպտոմների հաստատվող դեպքերը մեկուսացվում են տներում և ընտանեկան բժիշկների ամենօրյա հսկողության տակ են գտնվում: Մի շարք հիվանդներ էլ մեր քաղաքային բուժկենտրոններում առանձնացված մեկուսարաններում են գտնվում՝ մինչև մայրաքաղաքի և պրոֆիլավորված մյուս բուժկենտրոնների տարածքներում տեղեր ազատվեն: Դա ամենժամյա աշխատանք է»,- նշեց Պետրոսյանը:
Իսկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ տեղեկացրեց որ Հայաստանի թեժ կետերից է մարզը, ու վարակվածների թվով երրորդն է, բայց հղում անելով դինամիկային՝ ասաց, որ մարզում վարակակիրների կտրուկ աճ չի նկատվել, կորը բարձրանում է դանդաղ ու սահուն:
«Չենք ունենում նոր օջախներ, որոնք վերահսկողությունից դուրս են: Ինչպես գիտեք, մեր մարզի հիմնական օջախը հայտնի ձեռնարկությունում աշխատող մեծաթիվ աշխատակիցների հետ էր կապված, որոնք հիմնականում Մասիսի տարածաշրջանից էին: Այս պահին էլ վարակվածների թվով ամենամեծ շրջանը Մասիս քաղաքն է, վարակվածների և բուժվածների թիվն այնտեղ 177-ի է հասնում: Բայց իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,- նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

 

 

Արմինե Գևորգյան