Բավ է պառակտվել
13-05-2022 15:07

Վարչապետի ավտոշարասյունը պետք է կանգ առներ մահացու ՃՏՊ-ից հետո․ ՄԻՊ

Չկա որևէ օրենք և կարգ, որով ուղեկցող ոստիկանական ավտոմեքենան պետք է չկանգնի և լքի վթարի վայրն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Ինչ վերաբերում է վարչապետին, ինձ ներկայացված տեղեկատվությամբ՝ նա տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` ուր էլ (Փաշինյանը՝ խմբ․) շտապելիս չլիներ, պետք է կանգնեցներ ավտոշարասյունը դուրս գար (ավտոմեքենայից՝ խմբ․) առնվազն՝ մարդասիրական նկատառումներից ելնելով»,- նշել է նա։

Գրիգորյանն ընդգծել է, որ կհետևի գործընթացին։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին սահմռկեցուցիչ կադրեր, թե ինչպես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկում հղի կնոջը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժողը՝ 28-ամյա Սոնա Մնացականյանը, մահացել է։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում։ Վարորդը՝ ոստիկանության մայոր, ձերբակալվել էր, կատարվում է հետաքննություն։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դատարանը մերժել է վարորդին կալանավորելու միջնորդությունը, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։