Բավ է պառակտվել
24-01-2022 22:17

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Հայաստանի ՄԻՊ

Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի կայացած նիստում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Քրիստինե Գրիգորյանին։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 68 պատգամավոր։
Ավելի վաղ քննարկումների ժամանակ նրա թեկնածությանը դեմ էին արտահայտվել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ այն փաստը, որ Գրիգորյանը պատգամավորների ոչ մի հարցի ուղղակի ու հստակ չի պատասխանել, խոսում է այն մասին, որ նա լինելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օմբուդսմենը, այլ ոչ թե Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին Սևան քաղաքում։ 2016-2017 թթ աշխատել է որպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ազգային փորձագետ: 2019 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ։

2021 թվականի դեկտեմբերի 3-ին իշխող Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովը Գրիգորյանին հաստատեց որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։

Իշխող խմբակցությունը պարզաբանել է, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածությունը չի վերաառաջադրվել՝ ելնելով Վենետիկի հանձնաժողովի հայտարարած չափորոշիչից, ըստ որի՝ ՄԻՊ-ի անկախության ամրապնդման համար վերընտրության ինստիտուտը պետք է բացառվի։

Նախկին ՄԻՊ-ի մասին

Արման Թաթոյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել 2016 թվականին։ Վերջին մեկուկես տարում Հայաստանի գործող ՄԻՊ Արման Թաթոյանն ակտիվ զբաղվում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության իրավունքների պաշտպանության հարցերով, որոնք 2020թ․ Արցախում պատերազմից հետո ապրում են ադրբեջանական ԶՈւ սպառնալիքի ներքո։

Մի քանի ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազդեցիկ զինակներից մեկը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեղադրել էր Թաթոյանին նրանում, որ նրա բոլոր հայտարարությունները “քաղաքական բնույթի են”։ Գրիգորյանն ասել էր, որ երկրի իշխանությունները մտադիր են իրենց թեկնածուին ներկայացնել հաջորդ ՄԻՊ պաշտոնում։

Թաթոյանն ի պատասխան ասել էր, որ Գրիգորյանը, մեղադրելով իրեն քաղաքական անաչառության մեջ, գերազանցում է իր լիազորությունները և դիմում է անթաքուստ շահարկումների։ “Այդ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի հետագայում ապահովված լինի Մարդու իրավունքների պաշտպանի անխափան, ազատ և անկախ աշխատանքն”,-նշել էր նա։