Բավ է պառակտվել
14-04-2021 10:09

Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 50 բնակիչ, տուժածների թվում երեխա կա

Այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում, հայտնում է ԱԻՆ-ը։

Շենքի բնակարաններից մեկում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 00։07-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քիչ անց դեպքի վայր են կանչվել ևս մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Փրկարարներն այրվող բնակարանից տարհանել են երեք տուժածի․ 12 -ամյա երեխա, 2001 և 1979 թթ ծնված երկու քաղաքացու։
Տուժածներին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, այնուհետև Գ․Դ-ն (ծնված 2001թ․) տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։ Տարհանվել է շուրջ 50 մարդ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 01:09-ին: Այրվել է սենյակը՝ գույքով (15 քմ):