Բավ է պառակտվել
23-12-2021 18:05

Հայաստանի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց աշխատակիցների կողմից իրենց հաշվին կորոնավիրուսի թեստ անցկացնելու պահանջը

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ աշխատակիցների կողմից իրենց միջոցների հաշվին ՊՇՌ թեստավորում անցկացնելու պահանջը հակասում է Սահմանադրության դրույթներին։ Համապատասխան որոշումը հինգշաբթի օրը հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

«ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,- ասել է Դիլանյանը։
Դատարանը համարել է, որ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի հրամանով սահմանված պահանջը դուրս է գերատեսչության՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:
Դեկտեմբերի 1-ից Հայաստանում աշխատող քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուին տրամադրեն 72 ժամ վավերականությամբ ՊՇՌ բացասական թեստի տեղեկանք։

Դեկտեմբերի 10-ին ՀՀ խորհրդարանն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն գործատուները օրինական իրավունք կունենան աշխատանքից ազատել աշխատողներին պատվաստման վկայական կամ կորոնավիրուսի բացասական թեստին տեղեկանք չունենալու պատճառով։

Պատվաստման գործընթացի մասին

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների արշավը մեկնարկել է ապրիլի 13-ից։ Պատվաստումները անվճար են և կամավոր հիմունքներով հանրապետության ցանկացած պոլիկլինիկայում շաբաթը 7 օր թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների համար։

COVID-19-ի դեմ պատվաստման համար հասանելի են հետևյալ դեղամիջոցները․ CoronaVac և Sinofarm (Չինաստան), AstraZeneka (Բրիտանիա), Sputnik V (Ռուսաստան) և Moderna (ԱՄՆ): Ընդ որում, Moderna պատվաստանյութի օգտագործումը թույլատրվում է 12 տարեկանից բարձր դեռահասների համար։

Դեկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 591 809 պատվաստում։ Դրանցից առաջին դեղաչափը ստացել է 920 650 քաղաքացի, երկու դեղաչափը՝ 670 710 քաղաքացի։