Բավ է պառակտվել
04-09-2019 14:50

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը խախտել է նրա անձնական ազատության իրավունքը. փաստաբանը ՍԴ որոշման մասին


Սահմանադրական դատարանի որոշումն առնվազն նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
<<Կալանավորումը, որը մի քանի անգամ կիրառվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը>>,-ասաց Վարդևանյանը:
Նշենք,որ Քրեական դատավարության օրենսգրքի՝ 2-րդ նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:
Արամ Վարդևանյանը մեկնաբանելով դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը՝ մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը:
Հարցին՝ արդյոք ո՞ր ատյանը պետք է վերանայի երկրորդ նախագահի խափանման միջոցը, պաշտպանը պատասխանեց.
<<Խափանման միջոցի վերանայումը կարող է լինել և քրեակատարողական ծառայության կողմից, քանի որ իրենց համար էլ է պարտադիր այս որոշումը, երկրորդ տարբերակը վարույթ իրականացնող մարմինն է՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը>>:

Փաստաբանն ասաց, որ ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Նա նշեց՝ նման դեպքերում դատարաններն անհապաղ նիստ պետք է գումարեն, սակայն մեր երկրում նման պրակտիկա չունենք, որոշման տեքստն ամբողջովին պետք է լինի հրապարակված, իսկ հրապարակումը նախատեսված է երեքօրյա ժամկետում:
Հարցին արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն անհապաղ կարո՞ղ է ազատ արձակվել՝ փաստաբանը նշեց.. «Քանի դեռ ՍԴ որոշումն ամբողջությամբ հրապարակված չէ, այդ հարցին չեն կարող պատասխանել, բայց ամեն օրն էլ՝ կալանավորման վերաբերյալ, հաշվի առնելով հրապարակված եզրափակիչ մասը, իրավունքի խախտում է»:
Հիշեցենք,որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ և գտնվում է կալանքի տակ:

 

Արմինե Գևորգյան