Բավ է պառակտվել
08-07-2020 14:02

Ովքեր կարող են այլևս դիմակ չկրել


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց իմ քայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից, թե արդյոք «Վարչական իրավախախտումների մասին օրենքի» նախագծում նախատեսվող փոփոխություններն ինչ-որ պահի նորից շրջանառության մեջ կմտնեն:
Հիշեցնենք, որ փոփոխություններում առաջարկվում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափը 10 հազարից 20 հազար դարձնել, իսկ փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 50 հազար դրամ:
«Նախագիծն ընդհանրապե՞ս չի գալու այլևս ԱԺ, թե՞ որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է և ունենալու ենք տուգանքների ավելացված չափ», - հետաքրքրվեց Զոհրաբյանը:
Ի պատասխան Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ նախագիծն այս պահին շրջանառությունից հանված է, մինչդեռ չի կարող հստակ ասել, թե արդյոք ապագայում այլ պատգամավորներ այն շրջանառության մեջ չեն դնի:
Սիսակ Գաբրիելյանը նշեց նաև, որ դիմակների տուգանքների չափի հետ կապված կան տարբեր քննարկումներ, և մի մասը օրինակ է բերում Վրաստանը, որը հարյուր հազարից էլ ավելի է, իսկ մի մասը նշում է, որ այդպիսի մեթոդների պետք չէ գնալ:
Ի դեպ պարետի որոշմամբ այսուհետ «Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ։
Սակայն մի պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:

 

 

Արմինե Գևորգյան