Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որևէ մանրամասներ չհաղորդեց «Կոշ» ՔԿՀ պետի ձերբակալման մասին։ Ասաց,որ ինքն այդ գործի վերաբերյալ այնքան գիտի, որքան լրատվամիջոցները, դրանից ավելի տեղեկություն չունի: Հարցին՝ իսկ նախապես իրավապահներից տեղեկություններ չի՞ ունեցել այդ գործի մասին, նախարարն արձագանքեց. «Իրավապահները ճիշտ կանեն՝ նախապես իրենց գործողությունների մասին չկիսվեն»:
Լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումներ կան օրենսդիր մարմնի ներկայացուցիչների կողմից: Բադասյանը ճնշումներ չի տեսնում: Հարցին՝ արդյոք ճնշում չէ, երբ պահանջում են ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում, նախարարն արձագանքեց.«Ազգային ժողովը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում»:
Արդարադատության նախարարը դժվարացավ հստակ ձևակերպել՝ ինչ է նշանակում «քրեական ենթամշակույթին հարել», ինչպես նշված էր «Օրենքով գողերի դեմ պայքարող» օրինագծում։ Հարցին ո՞վ է համարվում «օրենքով գող», Բադասյանն ասաց․ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հասկացությունը սաhմանված է՝ հիերարխիկ հարաբերությւոններով օժտված խումբ, որն ունի որոշակի կազմակերպչական ֆունկցիաներ, որոնց նպատակն է հանցագործությունների կատարումը, դրանց պարտակումը․․․ այսինքն՝ էս բոլոր տարրերը ապացուցման ենթակա են»։
Իսկ կոնկրետ օրենքով գող հասկացությունը կա՞ սահմանված, Բադասյանը նորից հիշեցրեց, որ ոչ, փոխարենը «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունը կա սահմանված։
Հարցին՝ Նորատուսցի Արան, Նորատուսցի Ալիկը կամ, ասնեք, Արտյոմ Կանևսկոյը իր նշած այդ խմբի մեջ մտնո՞ւմ են, թե՞ ոչ, Բադասյանն ասաց, որ դա իրավապահ մարմինները պետք է գնահատեն՝ ով է այդ խմբի մեջ մտնում։
Արմինե Գևորգյան