Բավ է պառակտվել
13-09-2016 10:48

Աբովյան քաղաքում ավտոմեքենան բախվել է ծառին. կա զոհ

Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։50-ի սահմանում Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 31-ամյա Աշոտ Քոսյանը Աբովյան քաղաքում՝ Երևանյան փողոցում, Աբովյանի զինկոմիսարիատի մոտ, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու այնուհետ հաստաբուն ծառին։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր դին շտապօգնության մեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։