Բավ է պառակտվել
12-05-2022 21:00

«Մենք կվերականգնենք մայիսի 12-ը որպես մեր Հաղթանակի օր»․ հայկական ընդդիմության առաջնորդ

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հինգշաբթի Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում ասաց, որ հայ ժողովուրդը մայիսի 12-ը կվերականգնի որպես Հաղթանակի օր։

«Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար։ Մինչև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ը, մայիսի 12-ը մեր համար հաղթանակի օր էր։ Իսկ անցած տարի, մայիսի 12-ին այս դավաճան իշխանության գործունեության հետևանքով ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։ Այս օրը ևս պղծվեց այս իշխանության կողմից [...։ ]։ Մայիսի 12-ի հաղթանակի օրը ևս վերականգնվելու է։»։
Ըստ Սաղաթելյանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործություններից մեկն այն է, որ նա փորձում է պարտության մեղքը բարդել բանակի և ժողովրդի վրա։

«Այս պատերազմում (2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմը՝ խմբ.) հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել ժողովուրդը չի պարտվել, ծնկի են իջել Նիկոլն ու նրա խմբավորումը։ Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկիրը չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները»,- ընդգծեց նա։

Նշելով, որ Փաշինյանը ձախողել է բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով՝ Սաղաթելյանն ասաց, որ նա ձեռնտու է միայն Թուրքիային և Ադրբեջանին։

«Նրանք (գործող իշխանությունը՝ խմբ.) խոստացան ժողովրդավարություն, բայց բերեցին բռնապետություն, չեն հարգում քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը [...]։ Նրանք սեր էին խոստանում, բայց պառակտում բերեցին։ Խաբել են բոլոր ոլորտներում։ Ասացին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա էլ ասում են՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Հետևաբար՝ հետ կանգնել չկա, հետ քայլ չկա, պետք է հեռացնենք և վերջ»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը։