Բավ է պառակտվել
14-06-2019 23:18

Մարդիկ շատ փիս պատասխանատվություն են կրելու այս կարած գործի համար Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները:
Քոչարյանի պաշտպանական խումբը կասկածելի է համարում, որ էլեկտրոնային եղանակով դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին:
Դատավորին ինքնաբացարկ ներկյացրեց նաև գործով տուժող Արթուր Ավագյանին պաշտպան Սեդա Սաֆարյանը:
<<Ես կարծում եմ, որ Ձեր՝ որպես դատավորի, բացարկի հիմքերը ավելի խորքային են: Դրանց արմատները գտնվում են դեռևս Ձեր նշանակման ակունքներ: Մարտի 1–ի գործով դուք վճիռներ եք կայացրել բոլորովին այլ տեսանկյունից: Ես կասկածներ ունեմ,որ դուք անաչառ չեք կարող լինել, քանի որ դատավոր եք նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Ու եղել եք նախկին իշխանությունների կամակատարը>>,-ասաց Սաֆարյանը:
Ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունները ներկայացնելիս ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը և հերթական անգամ հորդորեց Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել:
<<Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ ապագայում  պատասխանատվության են ենթարկվելու շատ փիս>>,-զգուշացրեց Քոչարյանը:
Նա նշեց, որ վատ է զգում այն հանգամանքից, որ իր նշանակած դատավորի նկատմամբ բացասական վերաբերմունք կա: <<Լավ բան չի, որ այսքան տարիներ լինելով համակարգում այսպիսի վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չի>>, - ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

 

Արմինե Գևորգյան