Բավ է պառակտվել
09-06-2020 13:46

Մարդիկ մրցում են, թե ով ավելի շատ վիրավորանք ու հայհոյանք կհնչեցնի մյուսի հասցեին։ՄԻՊ


Այսօր Հայաստանում շատ մեծ ծավալների են հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսպիսի կարծիք հայտնեց` նշելով, որ այդ երևույթն իր համար շատ մտահոգիչ է:
«Անկախ նրանից` պաշտոնատար անձ է, թե ոչ պաշտոնատար, մենք պետք է դադարենք իրար վիրավորել, հայհոյել, առավել ևս, որ հանրային պաշտոնյաների դեպքում դա առավել բարձր պատասխանատվություն է: Այսօր տպավորություն է, թե մարդիկ մրցում են, թե ով ավելի շատ վիրավորանք ու հայհոյանք կհնչեցնի մյուսի հասցեին», - ասաց Թաթոյանը։
ՄԻՊ-ի դիտարկմամբ հայհոյանքը սկսվում է համացանցից, բայց շատ արագ դուրս է գալիս իրական կյանք:
«Եվ մարդիկ իրար նկատմամբ հաշվեհարդար են տեսնում»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ նման դեպքեր արդեն կան:

Լրագրողները ՄԻՊ ֊ին խնդրեցին անդրադառնալ նախօրեին կայքերից մեկում հրապարակված մի նյութի։ Նշենք, որ հրապարկվել էր խմբակային բռնաբարության գործի նյութերը, որից պարզ է դառնում, որ այդ հանցագործության հեղինակներից մեկը եղել է Գագիկ Ծառուկյանը:
Արման Թաթոյանը նշեց, որ կոնկրետ այդ փաստին իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ, առավել ևս առերեւույթ որևէ պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ:
«Ես առհասարակ կարող եմ ասել, որ ընդհանրապես կարևոր է ցանկացած մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը եւ նման արժեքները: Քաղաքականությունը իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս՝ իր սկզբունքները, բայց կոնկրետ այդ դեպքին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ»,-ասաց նա:
Արման Թաթոյանը խոսեց նաև արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ին ուղղված բողոքներին, ասաց որ քաղացիների շատ բողոքներ իրազեկման պակասով է պայմանավորված, քանի որ սահմանափակումները արագ են փոխվում և քաղաքացին չի հասցնում հետևել:

«Արտակարգ դրությունը վեր է հանել խնդիրներ, որոնք մինչ այս գոյություն չեն ունեցել: Օրինակ՝ կարանտինային վայրերի հետ կապված, աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և այլն: Չէինք պատկերացնի մի իրավիճակ, որ մարդը չի կարողանա գնալ աշխատանքի, որովհետև գործատուն թույլ չի տալիս, որպեսզի վիրուսը չտարածվի: Ունենք աշխատավարձի հետ կապված, կամ պետական սահմանը հատելու և երկրից դուրս գալու հետ կապված խնդիրներ»:

 

 

Արմինե Գևորգյան