Բավ է պառակտվել
20-08-2021 13:09

Հայաստանում խանութները կտուգանվեն հակահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքում

Հայաստանում Covid-19-ի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում, հաղորդում է կարգավորողի մամլո ծառայությունը: Հաջորդիվ ստուգումներ կիրականացվեն նաև հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերքի արտադրամասերում:
Ուրբաթ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ: Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին: Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:
Ստուգայցերը կշարունակվեն: